King Delux ընկերության Աբովյան-Երեւան եւ Չարենցավան - Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող մոտ 40 ավտոբուսի վարորդների այսօրվա գործադուլը կիսակրիմինալ գործարարների` բիզնեսը ղեկավարել չկարողանալու պատճառով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին մեղադրելու փորձ է: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, հայտարարոություն է տարածել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը: «Կիսակրիմինալ գործարարները չկարողանալով կառավարել իրենց բիզնեսները փորձում են մեղադրել բարեգործական հիմնադրամին: Այն 40 վարորդները, որոնք ստիպողաբար գործադուլ են անում, որևէ կապ չունեն գծի տերերի նեղ անձնական շահերի կամ բիզնես ապաշնորհության հետ: Ի դեպ, քիչ առաջ ինձ հետ կապվել են մի քանի տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ /«Տիգրան» ՍՊԸ, «ՎԱԳ-Տրանս» ՍՊԸ , «Գալակտիկա» ՍՊԸ/, որոնք պատրաստակամություն են հայտնել ավելի լավ պայմաններով աշխատանքի ընդունել նրանց բոլորին: Այնպես որ վարորդների հարցը նույնպես փակված է: Խնդիրը պետք է ճիշտ ներկայացնել. Մի կողմում վատ գործարար է, մյուս կողմում` հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ամեն օր օգտվում են բարեգործական հիմնադրամի «անվճար երթուղիներ» ծրագրից: Ես խոսել եմ տեղի բնակչության հետ, մարդկանց մոտ տրամադրությունները լարված են, եթե այս խնդիրը շարունակվի արհեստականորեն սրվել, ապա կարող են անցանկալի զարգացումներ լինել: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից մեր երկրում օգտվում են տասնյակ հազարավոր մարդիկ: Հիմնադրամը շարունակելու է իր ծրագրերը բոլոր ուղղություններով` սոցիալական, գիտական, կրթական, մշակութային և այլն: Ի դեպ, ուզում հիշեցնել, որ մոտ մեկ ամիս առաջ Գ. Ծառուկյանը հայտարարել էր, որ բարեգործությանն ուղղվող գումարները առաջիկայում կրկնապատկվելու են»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ King Delux ընկերության Աբովյան - Երեւան եւ Չարենցավան - Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող մոտ 40 ավտոբուսի վարորդներ այսօր` հուլիսի 11-ին գործադուլ են հայտարարել: Նրանք նշել են, որ դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը անվճար ավտոբուսներ է մտցրել Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան գիծ, որոնք, վարորդների պատմելով, ոչ թե բարեգործություն են անում, այլ պարզապես աշխատում են իրենց դեմ: Վարորդները պնդում են, որ եթե դա բարեգործություն լիներ, այդ ավտոբուսները կաշխատեին մեկ գծում, այլ Աբովյան-Երեւան մի շարք այլ երթուղիներում: Եթե խնդրին լուծում չտրվի, ապա վարորդները վճռական են տրամադրված եւ մտադիր են վաղը դեպի Երեւան եկող մայրուղին փակել: Նշենք, որ 259 եւ 275 համար երթուղիների գծի տերը Արթուր Հարությունյանն է (Պալաչ)` Գագիկ Ծառուկյանի սանիկը, ով վերջերչս ՀՀԿ-անդամ է դարձել, եւ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` վերջերս սրվել են քվաոր-սնաիկ հարաբերությունները:


























