Նախապատմություն
Կրկին սրվել է իրավիճակը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի եւ King Delux ընկերության (տնօրինում է թիվ 259 եւ 275 երթուղիները) միջեւ: Երեկ King Delux-ի 40 ավտոբուսների վարորդներ գործադուլ են հայտարարել` պահանջելով դադարեցնել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից Երեւան-Աբովյան եւ Երեւան-Չարենցավան երթուղով ավտոբուսների շահագործումը:
Նշենք, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը վաղուց է անվճար ավտոբուսներ տրամադրում մարզերի բնակչությանը, ընդ որում` տարբեր երթուղիներով: Հիմնականում դրանք նախատեսվում են ուսանողների եւ կարիքավորների համար, ու որպես կանոն, այլ գծատերերի մոտ լուրջ բողոքների առիթ չեն հանդիսանում: Սակայն մոտ 6 ամիս առաջ Աբովյան-Երեւան եւ Աբովյան-Չարենցավան երթուղին սկսեցին սպասարկել մոտ 15 բարեգործական ավտոբուսներ, որոնք ուղերթի են դուրս գալիս օրվա տարբեր ժամերին, բավականին կանոնավոր ու սպասարկում են բոլոր ցանկացողներին:
Թիվ 259 եւ 275 երթուղիների գծատեր Արթուր Հարությունյանը եւ այդ ավտոբուսների վարորդները համարում են, որ բարեգործության անվան տակ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը պլանավորված սնանկության է տանում King Delux ընկերությանը: Շատերը նույնիսկ այդտեղ քաղաքական ենթատեքստ են տեսնում, կամ անձնական հաշիվների պարզում` Արթուր Հովհաննիսյանը նախկինում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն էր, նրանք կապված էին քավոր-սանիկ հարաբերություններով: Ներկայում Արթուր Հովհաննիսյանը հանրապետական կուսակցության անդամ է եւ Կոտայքի մարզում որոշակի քաղաքական հակակշիռ է փորձում ստեղծել Գագիկ Ծառուկյանի դեմ:
Մի կողմ թողնենք քաղաքական ու անձնական շահերում առկա հնարավոր հակասությունները, ու փորձենք վերլուծել, թե օրենսդրությունն ինչպես է կարգավորում այս հարաբերությունները:
Մրցակցային խնդիրներ
Առաջին հայացքից` «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն իրականացնում է ակնհայտ դեմպինգ` ցածր գների (անվճար ծառայության) միջոցով փորձելով շուկայից դուրս մղել մրցակցին: Պատահական չէ, որ King Delux-ը բողոքով դիմել է նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Սակայն տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքն այս խնդիրը լիարժեք չի կարգավորում: Խնդիրն այն է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը չի հանդիսանում տնտեսվարող սուբյեկտ, իսկ մրցակցության մասին օրենսդրությունը կարգավորում է հենց տնտեսվարող սուբյեկտների միջեւ հարաբերությունները: Բացի այդ` դեմպինգի համար «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին պատժելուց առաջ ՏՄՊՊՀ-ն այդ կազմակերպությանը պետք է ճանաչի որպես գերիշխող դիրք ունեցող, ինչն անհնար է:
Այսպիսով` մրցակցության օրենսդրության խախտումներ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից չկան, ավելի ճիշտ` օրենսդրությունը նմանատիպ դեպքերի համար թերի է մշակված:
Տրանսպորտի կարգավորում
«Տրանսպորտի մասին» օրենքի 9-րդ հոդվածով` կանոնավոր ուղեւորափոխադրումներ կարող են իրականացվել միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները: Ըստ այն տեղեկությունների, որ ստացվում են King Delux-ից` «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն իրականացնում է կանոնավոր ուղեւորափոխադրումներ, իսկ դրա իրավունքը ունենալ չի կարող: Այս առումով` առկա է օրենքի ակնհայտ խախտում: Նշենք, որ հենց մրցույթներով են որոշվում ուղեւորափոխադրումների սակագները, բացի այդ` ուղեւորների փոխադրումը պետք է իրականացվի փոխադրման պայմանագրի հիման վրա: Իսկ այդպիսի պայմանագիր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը դժվար թե ունենա: Այս առումով անհասկանալի է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության անգործությունը, որին էլ վերապահված են վերահսկողական գործառույթները: Հայտնի չէ նաեւ, թե արդյո՞ք սերտիֆիկացված են «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ավտոբուսները, ինչը նույնպես օրենքի պահանջ է, եւ բխում է ուղեւորների անվտանգության ապահովման պահանջներից:
Այսպիսով` տրանսպորտային օրենսդրության մասով King Delux-ի դժգոհություններն իրավացի են: Եթե տրանսպորտային տեսչությունն իրականացներ օրենքով իրեն վերապահված լիազորությունները` ապա այս խնդիրն ընդհանրապես չէր ծագի:
Բարեգործության կարգավորում
Հայաստանում գոյություն ունի «Բարեգործության մասին» օրենք: Այդ օրենքը կարգավորում է «բարեգործություն» հասկացությունն ու սահմանում բարեգործական նպատակները: Ըստ այդմ` բարեգործություն չի կարող դիտարկվել այն օգնությունը, որից կարող են օգտվել բոլորը` եւ կարիքավորները, եւ նյութապես ապահովվածները: Այսինքն` բարեգործությունը պետք է որոշակի ուղղվածություն ունենա` հաշմանդամներ, ծնողազուրկ երեխաներ, գործազուրկներ, սակավ ապահովված ընտանիքներ, պատերազմից ու տարերային աղետներից տուժածներ եւ այլն: «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ավտոբուսներից կարող է օգտվել ցանկացած ոք, ու նրանց մի մասն ակնհայտորեն կարիքավոր չի դիտարկվում: Իսկ կարիք չունեցող մարդկանց տրամադրվող օգնությունը, ըստ մեր օրենսդրության, բարեգործություն չէ: Ի դեպ` «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի այլ ուղերթներում գործող ավտոբուսները հստակ պահպանում են իրենց առաքելությունը: Օրինակ` եթե նախատեսված են ուսանողների համար, ապա որեւէ այլ ուղեւոր չեն վերցնում:
Սակայն օրենսդրությունը չի սահմանել այն լիազոր մարմինը, որը պետք է վերահսկի բարեգործական ծրագրերը:
Այսպիսով` կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը բարեգործական համարվել չի կարող, սակայն չի կարող նաեւ կասեցվել` պետական լիազոր մարմնի բացակայության պատճառով:
Եզրակացություն
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամնի եւ King Delux ընկերության միջեւ ծագած վեճն, այսպիսով, ենթակա է կարգավորման ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության միջոցով: Այն է` նախարարությունը պարտավոր է արգելել կանոնավոր ուղեւափոխադրումներ իրականացնող ցանկացած կազմակերպության գործունեություն (այդ թվում` բարեգործական), որր մրցույթով չի շահել այդ իրավունքը:
Սամվել Ավագյան


























