Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչեւան եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի աշխատակիցներն այցելել են Սեւան քաղաք՝ հետեւելու պլաստիկ թափոնների վերամշակման ԱՄՆ ՄԶԳ-ՄԱԶԾ համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող թափոնների հավաքման եւ վերամշակման գործողությունների ընթացքին: Ծրագրի շրջանակներում վերջերս Սեւան քաղաքում եւ Սեւանա լճի հարակից հանգստյան գոտում տեղադրվել է պլաստիկ աղբի համար նախատեսված 140 աղբաման: Գործընկերները հանդիպում ունեցան Սեւանի փոխքաղաքապետ Պապ Պետրոսյանի հետ եւ քաղաքապետարանին փոխանցեցին աղբահավաք բեռնատար ավտոմեքենա, որի միջոցով ծրագրի ընդգրկման տարածքից պետք է հավաքվեն պոլիէթիլենտերեֆտալատային (ՊԷՏ) թափոնները:

Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող խնդիրներին համապարփակ լուծում տալու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն եւ ՄԱԶԾ-ն 2011թ. մարտին մեկնարկեցին համատեղ նախաձեռնություն՝ Պլաստիկ թափոնների հավաքման եւ վերաօգտագործման (ՊԹՀՎ) ծրագիր, որի նպատակն էր բարելավել խմելու ջրի աղբյուրների որակը Հայաստանում, խթանելով պլաստիկ տարաների հավաքումը եւ վերամշակումը, ինչպես նաեւ գրավիչ պայմաններ ստեղծել Հայաստանի մասնավոր հատվածի համար ներդրումներ կատարելու պլաստիկ թափոնների բարձր մակարդակով վերամշակման ոլորտում: 2012 թ. հունիսի 1-ի դրությամբ՝ ընդհանուր թվով 1,000 հատուկ աղբամաններ են տեղադրվել Վանաձորում, Հրազդանում, Ալավերդիում, Սեւանում, Ծաղկաձորում, Արարատում, Չարենցավանում, Արտաշատում, Աշտարակում, Բերդում, Էջմիածնում, Արմավիրում, Սիսիանում եւ Դիլիջանում, ինչի շնորհիվ հնարավոր է եղել հավաքել եւ վերամշակել մոտ 80 տոննա ՊԷՏ թափոններ:

«ՄԱԶԾ-ի աջակցությունն ուղղված է բնակչության համար առավել բարենպաստ բնապահպանական պայմաններ ստեղծելուն: ՊԷՏ թափոնների պատշաճ կառավարումը եւ վերամշակումը ոչ միայն հրատապ է շրջակա միջավայրի պահպանության տեսակետից, այլ նաեւ պարունակում է ներկայում չիրացված տնտեսական օգուտների ապահովման էական ներուժ», - նշեց Դաֆինա Գեռչեւան:

Ծրագրի նախապատրաստական փուլի ընթացքում ՄԱԶԾ-ն թիրախային համայնքներին տրամադրեց հատուկ աղբամաններ ՊԷՏ թափոնների համար, հակավորման մեքենաներ եւ կոմպակտորներ` թափոնների հավաքման հենց առաջին փուլում ՊԷՏ շշերի եւ համապատասխան պլաստիկ արտադրանքի առանձնացման համար: Ապա ծրագիրն աջակցեց նախագծել եւ իրականացնել համագործակցություն կոշտ թափոնների կառավարման համար պատասխանատու տեղական իշխանությունների եւ ՊԷՏ թափոնների գնման եւ վերամշակման կարողություն ունեցող մասնավոր ընկերությունների միջեւ: Հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ինտենսիվ քարոզարշավը կարեւոր բաղադրիչ էր բնակչությանը տեղեկացնելու ՊԷՏ թափոնները հատուկ աղբամաններում տեսակավորելու կարեւորության վերաբերյալ:

Հիմնվելով ստացված արդյունքների, ինչպես նաեւ իշխանությունների եւ համայնքների բնակիչների կողմից արտահայտված հավաստի հետաքրքրվածության եւ աջակցության վրա, այս ծրագիրը նախատեսում է իր գործունեությունը տարածել Հայաստանի այլ քաղաքներ եւս, այդ թվում՝ Երեւան, որտեղ ամեն տարի դեռեւս մոտ 3,000 տոննա ՊԷՏ թափոններ են նետվում  աղբավայրեր: