Հայաստանում ոչ ոք կասկադյորական արվեստում գումարներ չի ներդնում: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահ եւ կասկադյորական արվեստի հիմնադիրը Հայաստանում Արմեն Պետրոսյանը (ֆոտոռեպորտաժ)։
«Երբ մի ռեկորդ ենք սահմանում կամ օրինակ բարձր ժայռից ցատկում, այդ հովանավորողները այնպիսի կեցվածք են ընդունում ասես, իրենք են այդ ռեկորդը սահմանել կամ իրենց գումարներով են մեր կասկադյորները ցատկել ժայռից»,-ասաց նա, հավելելով, որ Հայաստանի կասկադյորների ասոցիացիան հիմնադրվել է 1994 թվականին եւ իր գործունեության 18 տարիների ընթացքում, կասկադյորական արվեստը Հայաստանում զարգացել է, թեեւ զարգացման գագաթնակետին չի հասել։
Հարցին, թե ի՞նչ է հարկավոր կասկադյոր լինելու համար, Ա. Պետրոսյանը պատասխանեց. «Առաջին հերթին ցանկություն, լինել սպորտի վարպետության թեկնածու որեւէ էքստրեմալ մարզաձեւից` մեր արվեստին հարիր, վախի զգացում, քանզի անվախ մարդիկ աշխարհում գոյություն չունեն, իսկ գիտակցված վախը ծնում է զգուշություն: Այսօր ունենք հրաշալի մարզիկներ, սպորտի վարպետներ, փառք ու պատիվ նրանց, բայց խնդիրն այն է, որ ամեն մարզիկ չէ, որ կարող է կասկադյոր դառնալ։ Ավելի լավ է այդ մարզիկներն իրենց սպորտով աշխարհին Հայաստանը ներկայացնեն, քան մեր արվեստով:
Կասկադյոր դառնալ ցանկացողը պետք է մի բան գիտակցի, որ ինչ-որ մի օր ինչ-որ մի վնասվածք ստանալու է: Դա կնունքի պես մի բան է: Սա այն հիմնական պատճառներից է, որ շատերին վանում է կասկադյորական արվեստից»:
Արմեն Պետրոսյանի ներկայացմամբ, թեեւ Հայաստանում կան կասկադյորական արվեստի ջատագովներ, բայց հայ կասկադյորները դեռեւս հացի գումար վաստակում են երկրորդ աշխատանքով կամ մասնագիտությամբ։ «Տա աստված, որ կասկադյորական արվեստն այնքան զարգանա, որ կասկադյորներն իրենց հանապազօրյա հացը վաստակեն իրենց սիրած աշխատանքով, այլ ոչ` այլ աշխատանքների շնորհիվ»,-ասաց Ա. Պետրոսյանը:
Նրա խոսքով, այս պահին իրենք ունեն երեք հեռուստատեսային սցենար: «Դրանք շատ հետաքրքիր, դիտարժան եւ ուսուցողական հաղորդումների նախագծեր են, որտեղ ընդգրկված կլինեն նաեւ պրոֆեսիոնալ կասկադյորներ»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում սերիալներին եւ հեռուստատեսային որոշ նախագծերի, նա պատասխանեց. «Սերիալը վատ բան չէ, բայց Հայաստանում այն դեռ չձեւավորված մշակույթ է, որտեղ, բնականաբար, իրենց պրոֆեսիոնալ արվեստը կցուցաբերեն մեր ճանաչված արտիստները: Վիրավորական է պրոֆեսիոնալ արտիստի համար նույն հրապարակում նկարահանվել 5 հազար դրամանոց, փողոցից բերված անձանց հետ, որի պատճառով էլ տվյալ նխագիծը դառնում է աղբ»:
Ինչ վերաբերում է Հայաստանում կասկադյորական արվեստի պահանջարկված լինելուն, Ա. Պետրոսյանը նշեց. «Պահանջարկ, իհարկե, կա, սակայն ոչ այն մասշտաբներով, ինչպիսին կա արտերկրում: Փառք Աստծո, որ սկսել են նկարահանվել նոր ֆիլմեր, շատ են գալիս նկարահանելու Ռուսաստանից, համագործակցում ենք մի շարք կազմակերպությունների հետ եւ ունեցել ենք համատեղ նկարահանումներ հանձինս ռուսական «Berg Sound» կինոընկերության եւ հայաստանյան մի շարք կազմակերպությունների` հանձինս Ազգային կինոկենտրոնի հետ: Այսօր մենք ունենք նոր ծրագրեր «Berg Sound»-ի հետ»:
Ըստ Պետրոսյանի, այսօր Հայաստանում կինոյի մասին օրենք ունենալու անհրաժեշտություն կա, որը պետականորեն կկարգավորի տվյալ դաշտը: «Նման օրենքի բացակայքությունը հանգեցնում է նրան, որ ով ասես սցենար է գրում. մարդիկ, ովքեր նույնիսկ դպրոցում շարադրություն չէին կարողանում գրել, սցենար են գրում, կամ ով մեկ անգամ եղբոր հարսանիքն է նկարել, իրեն իրավունք է վերապահում հանդես գալ որպես ռեժիսոր: Հայաստանում կան պրոֆեսիոնալ կինոռեժիսորներ, ովքեր իրոք կինոյի մասնագետներ եւ պրոֆեսիոնալ ռեժիսորներ»,-ընդգծեց Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահը, հավելելով, որ իրենց ցանկությունն է որ դաշտը կարգավորվի, քանի որ հայ ազգն ունի պրոֆեսիոնալ ֆիլմերի կարիք եւ չի կարելի եթերը ողողել միջինից ցածր ֆիլմերով:
Նա տեղեկացրեց, որ Ասոցիացիան իր ստեղծման օրվանից աշխատել է 48 գեղարվեստական ֆիլմերում եւ այլ նախագծերում` ցուցադրական շոու ծրագրեր, երաժշտական ու գովազդային տեսահոլովակներ եւ այլն:
«Ասոցիացիան պատրաստ է աշխատել ցանկացած պատվիրատուի հետ եւ չկա այնպիսի մի հնարք, որ Ասոցիացիան չապահովի իր պատվիրատուին»,- ասաց Ա. Պետրոսյանը:
Ի դեպ, Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիան 2014 թվականին պատրաստվում է մեծ շուքով նշել իր 20-ամյակը, որին հրավիրված կլինեն պրոֆեսիոնալ մասնագետներ տարբեր երկրներից:



























