Կոտայքի մարզի Առինջ գյուղում հուլիսի 12-ին ինքնասպանություն է գործել  21-ամյա Մարո Գուլոյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշանակվել է դատաբժշկաան փորձաքննություն: Կոտայքի մարզի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Նշենք, որ այդ հոդվածի առաջին մասվո սահմանվում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ըստ տարածված տեղեկությունների` Մարոն ունի 2 տարեկան մեկ դուստր, սպասում էր երկրորդ երեխային` 4 ամսական հղի էր:

Հարազատները «Հետքին» պատմել են, որ մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է իր զույգ եղբորը` Մհեր Թովմասյանին, կանչել իր մոտ եւ ասել, որ ուզում է բաժանվել ամուսնուց: Խնդրել է երեկոյան ծնողների հետ գալ իր եւ երեխայի հետեւից: Եղբոր գնալուց 20 րոպե հետո հարազատներին տեղեկացրել են, որ Մարոն ինքնասպանության փորձ է արել եւ նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ աղջիկը մահացել է:

Մարոյի հորաքույրը` Իրինա Թովմասյանը «Հետքին» ասել է, որ Մարոն վաղուց ուզում էր բաժանվել ամուսնուց, ամուսինն անընդհատ խոչընդոտներ է ստեղծել: Մարոյի ամուսինը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է: Մարոյի հարազատները համոզված են, որ եղբոր գնալուց հետո ամուսինը` Գեւորգ Գուլոյանը սպանել է նրան: Նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին եւ ասում են, որ աղջկա պարանոցին պարանի հետքեր չկան, բայց կան մատնահետքեր: Հարազատները կասկածում են, որ Մարոյին խեղդել է ամուսինը: