«Ոսկե Ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված «Հայկական ռապսոդիա» ֆիլմը Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակակիրն է: Հայաստանի մասին պատմող սփյուռքահայ երիտասարդների ֆիլմը կցուցադրվի Միացյալ թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 2013 փառատոնին:
«Հայկական ռապսոդիա» վավերագրական ֆիլմը Բրիազիլիան ներկայացնող երեք հայ ռեժիսորների համատեղ աշխատանքն է: Սա Կասիանա Տեր-Հարությունյանի, Սեզար Կանանյանի եւ Գարի Կանանյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է: Կասիանա Տեր-Հարությունյանը “Folha de Sao Paulo”-ի Serafina հանդեսի ֆոտոխմբագիրն է, Սեզար Կանանյանը 2010-ին հիմնել է իր Filmdesign կինոընկերությունը, իսկ Գարի Կանանյանն այժմ աշխատում է իր երկրորդ կինոնախագծի վրա:
«Սփյուռքահայ երիտասարդ ռեժիսրոներին հաջողվել է արտացոլել Հայաստանն իր հարուստ գունապնակով: Ֆիլմը հարուստ է կերպարներով եւ նրանցից յուրաքանչյուրը պատմում է իր Հայաստանի մասին` իր գույներով ու բացառիկությամբ»,-ասաց Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:
Հեղինակներն իրենց ֆիլմը բնորոշել են որպես «ճանապարհային», որի հերոսների պատմությունները միաձուլելով, կերտում են մեկ ընդհանուր` Հայաստանի պատմությունը: «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին ֆիլմն արժանացել է նաեւ լավագույն հայկական վավերագրական ֆիլմ մրցանակին:



























