«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը հերթական նամակն է հղել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որտեղ ահազանգում է Արփա գետի աջակողմյան Հերհեր վտակի վրա կառուցված երկու փոքր ՀԷԿ-երի պատճառով գետի չորացման մասին:
Նախաձեռնությունը ներկայացնում է իր խոսքը հիմնավորող մի քանի լուսանկարներ:
Նամակում նշվում է.
«Նկարներից պարզորոշ երեւում է, թե ինչպես են գետի հունը եւ ջրվեժներից մեկը ամբողջովին չորացել, իսկ երկրորդ` Հերհեր ջրվեժից, որը նաեւ ՀՀ բնության հուշարձանների ցանկում է, շատ փոքր քանակությամբ ջուր է թափվում:
Խնդրում ենք ուսումնասիրել խնդիրը եւ պարզել, թե Հերհեր գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երի սեփականատերերը ինչպես են խախտել բնապահպանական նորմերը, չորացրել գետի հունը եւ վերացրել կենսաբազմազանությունը` էկոհամակարգին պատճառելով զգալի վնաս: Ստուգման ընթացքի եւ արդյունքների մասին տեղեկացնել մեր նախաձեռնությանը:
Սա միակ դեպքը չէ, երբ ականատես ենք լինում, թե ինչպես են փոքր ՀԷԿ-երի շահագործման արդյունքում զգալի վնաս հասցվում շրջակա միջավայրին: Մեր նախաձեռնությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել սույն հիմնախնդիրը, եւ փաստերի հավաքագրման աշխատանքներով է զբաղված, որոնք հերթականությամբ կներկայացնենք նախարարությանը»:





























