«Գնդլիկ-բոքոնիկը փոքր ժամանակվա իմ սիրած հեքիաթն էր` ի տարբերություն «Քաջ Նազարի»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանն` անդրադառնալով Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի այսօր` հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն արած հայտարարությանը:
Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից հետո, որի հետեւանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, Պետրոս Ղազարյանը հայտարարել էր, թե «ուր է պարոն Մազմանյանի հասարակական քաղաքացիական ակտիվությունը, այդպես է լինում, որ Մազմանյանը դառնում է Մազ»:
Դրանից հետո Արմեն Մազմանյանն այսօր կայացած ասուլիսում պատասխանել էր Պետրոս Ղազարյանին` ասելով. «Ես այն ժամանակ զբաղված եմ եղել ու հիմա եմ պատասխանում Պետրոս Ղազարյանին… Ես զգուշացնում եմ` ես Մազ եմ իմ ընկերների ու իմ մանկության համար, պետրոսների համար ես պարոն Մազմանյան եմ կամ Արմեն Աղասիչ, կամ գոնե ինստիտուտի ռեկտոր: Եթե որոշել է էպիտետներով խոսել, ես էլ նրան էպիտետներով կպատասխանեմ` այ գնդլիկ-բոքոնիկ Պետրոս, մեկ կենտրոնամետ ես, մեկ իշխանամետ ես գլորվում, ինչո՞ւ ակտիվ չէիր «Կենտրոնով», երբ քո իսկ կերակրող համակարգը նույն թիկապահներով կրակել էին իրար վրա ու մարդ ջարդել, ինչո՞ւ այդ ժամանակ հասարակական ակտիվ քաղաքացիական կեցվածքդ այդ ախրանիկների նկատմամբ չէիր արտահայտում: Վախենում էիր, որովհետեւ հացդ չէին տա»:
Անդրադառնալով «Հարսնաքարի» միջադեպին` նա նշել է, որ տեղի ունեցածը մարդկային ուղեղի ու բարոյականության մեջ չի տեղավորվում, դա կուսակցական, իշխանական խնդիր չէ, այլ ազգային ընդերքում արդեն գենետիկ խախտման հասած արդյունք է: Նրա խոսքով` Ռուբեն Հայրապետյանը եւս իրեն շատ վատ է զգում այս միջադեպից, եւ նա վստահություն է հայտնել, որ բոլոր մեղավորները պատժվելու են:
Պետրոս Ղազարյանը պատասխանեց Արմեն Մազմանյանի այսօրվա հայտարարությանը` նշելով. «Անկեղծ ասած` այն մարդկանց կարծիքը, ովքեր միշտ պատեհ եւ անպատեհ քծնում են իշխանությանը, ովքեր գնում են պայքարում են բազմազանության դեմ` ասելով, որ մտահոգ են երկրի գենոֆոնդի, հայի կերպարի համար, իսկ երբ մարդ է սպանվում, ընտրություն է կեղծվում, իրենք երեք ամիս ծպտուն չեն հանում` ասելով, որ իրենք գործով էին զբաղված, գործ ունեին, կարծես թե բոլոր բողոքողները, խոսացողները, անգործ մարդիկ էին, այդ մարդկանց պատասխանելը այնքան էլ ճիշտ չէ»:
Նրա խոսքով` Արմեն Մազմանյանի միտքը, որ «Հարսնաքարը» իշխանական խնդիր չէ, ազգային է, նույնիսկ այդտեղ նա փորձում է անուղղակի քծնել իշխանություններին, քանի որ «այդ խնդիրը իշխանական է եւ դրա լուծումը պետք է տա իշխանությունը: «Արմեն Մազմանյանը բուհի ռեկտոր է, դուք տեսաք այն մակարդակը, որով ինքը խոսում է, այն մտքերը, որ ինքը հայտնում է, այդ անձնական վիրավորանքները, այդ մակարդակի մարդը բուհական համակարգի մեծ ընտանիքի ղեկավար է, ի՞նչ կրթություն է տալու, եթե մենք ուզում ենք արդյունավետ կրթություն ունենանք, եթե մենք ուզում ենք մեր բուհական համակարգը նորմալ ղեկավարվի, մեր կրթության պատասխանատուները պետք է այս ասուլիսից հետեւություն ունեն, որովհետեւ մարդ, որ կարող է իջնել այս մակարդակի, չպետք է լինի բուհի ռեկտոր»,- ասաց նա` հավելելով, որ անձնական վիրավորանք չի համարում «Գնդլիկ-բոքոնիկը» եւ «այդ մարդկանց պետք է օգնել»:



























