Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ոստիկանությունը հայտնաբերել է հուլիսի 18-ին Վանաձորի Երեւանյան խճուղում մահվան ելքով վրաերթի ենթարկած մեքենան եւ նրա վարորդին: Ինչպես Վանաձորից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական աշխատանքների շնորհիվ գիշերը ժամը 02:30-ի սամաններում հայտանբերվել է 39-ամյա Կոստանտին Սահայանը իր OPEl-VECTRA մակնիշի 20 ՍՕ 774 համարանիշի ավտոմեքենայով: մեքենան կայանված է եղել ավտոտնակում` դիմային հատվածում հարվածի բազմաթիվ հետքերով:  Լոռիի մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ  փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, ) եւ նույն օրենսգրքի 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա) հոդվածի հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի 18-ին մահվան ելքով հերթական վրաերթն էր տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 21:30-ի սահմաններում անհայտ մեքենայի վարորդը  Երեւանյան խճուղու վրա` «Աֆինա» հանդիսությունների սրահի դիմաց վրաերթի էր ենթարկել 58-ամյա Աֆթանդիլ Կիրակոսյանին, ով տեղում մահացել էր: Վրաերթի ենթարկողը տուժածին թողնելով անօգնական վիճակում, դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Դեպքի վայր էին ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի եւ դասակի հրամանատար Կարեն Բոյաջյանի գլխավորությամբ:

Տեղում են նաեւ Ոստիկանության Բազումի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Մաղաքյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաեւ ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը:


Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի