Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հեռացել է խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը, վաղը` հուլիսի 20-ին, ժամը 17:30-ին դատավորը հրապարակելու է վճիռը:

Նշենք, որ հուլիսի 14-ին կայացած նիստում մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը դատավորին խնդրել է Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի 6 ամիս, իսկ Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին` 2 տարի ազատազրկման: Մարտիրոսյանն առաջարկել է Դավիթ Քիրամիջյանի պատիժը պայմանականորեն չկիրառել:

Այսօր իրենց պաշտպանական ճառերն ու ամփոփիչ ռեպլիկները ներկայացրել են ՀԱԿ ակտիվիստներն ու փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Ակտիվիստները նշել են, որ իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքում, իսկ փաստաբանը արդարացման վճիռ է պահանջել դատարանից:

Նշենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:

Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել: