Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է դեռեւս նախորդ տարվանից սկսված մարզային այցերը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից: Հուլիսի 24-ին աշխատանքային խումբը կլինի Վանաձոր քաղաքում, իսկ հուլիսի 25-ին` Աշտարակում:
Միջոցառմանը ներկա կլինի Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը, ինչպես նաեւ նախատեսվում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մասնակցությունը: Մարզային այցելությունների ժամանակ ՏՄՊՊՀ կազմում կլինեն Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, հանձնաժողովի անդամներ եւ աշխատակիցներ:
Հանձնաժողովի մասնագետները շրջայց կկատարեն Վանաձորում եւ Աշտարակում՝ ծանոթանալու սպառողական շուկայում տիրող իրավիճակին: Փորձագետները խոշոր առեւտրի կետերում կիրականացնեն մոնիտորինգ, կտեղեկանան սպառողների խնդիրներին եւ կուսումնասիրեն՝ արդյոք առկա ե՞ն օրենքի հնարավոր խախտումներ, թե՝ ոչ: Օրենքի խախտումների դեպքում ՏՄՊՊՀ մասնագետները կձեռնարկեն համապատասխան միջոցներ:



























