Երեւանում, այսօր` հուլիսի 20-ին, նշվել է ՀՀ դատախազության «Դատախազության դպրոցի» 5-րդ հոբելյանական տարեդարձը:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը` հանդիսավոր նիստի մասնակիցներին ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուղերձը:
Այնուհետեւ հանդիսավոր նիստի ընթացում ցուցադրվել է տեսաֆիլմ, «Դատախազության դպրոց»-ի գործունեության վերաբերյալ:
Դպրոցի գործունեության կազմակերպման հենք է հանդիսացել Հայաստանի գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնը:
Զարգացման ծրագրին համահունչ, հիմնական կրթական գործընթացներին զուգահեռ դպրոցն իրականացրել է լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնց շահառուներն են եղել դպրոցականները, զինվորական կոմիսարիատի աշխատակիցները, քննիչները, իրավապահ մարմինների այլ աշխատակիցները եւ այլն:
Կրթական ծրագրերով նախատեսված ուսումնական գործընթացներն իրականացվել են դասախոսությունների, գործնական պարապմունքների, դասախաղերի, դատախաղերի, սեմինարների, խնդիրների, քննարկումների, բանավեճերի, ինչպես նաեւ Մարդու իրավուքների եվրոպական դատարանի վճիռների, ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների քննարկումների միջոցով:
Ուսումնական եւ գիտամեթոդական գրականության ստեղծումն ու հրատարակումը դպրոցի հիմնական գործառույթներից մեկն է: 2008 թվականից ի վեր հրատարակվել են մոտ 20 ուսումնական ձեռնարկ, որոնց մատչելիությունն ապահովելու, ինչպես նաեւ ընկալելիության մակարդակը բարձրացնելու համար, հիմնականում ստեղծվել են նույն ձեռնարկի էլեկտրոնային տարբերակները:
Ներկայումս դպրոցում աշխատանքներ են տարվում վերապատրաստման գործընթացների ընդլայնման եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Նախատեսվում է շարունակել գիտագործնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման, իրավաստեղծ գործունեության, գիտագործնական ձեռնարկների կազմման եւ հրատարակման աշխատանքները, ինչպես նաեւ դպրոց ներմուծել ուսուցման նոր մեթոդներ եւ միջոցներ:
Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգեւատրվել են «Դատախազության դպրոցի» տնօրեն Գ. Սարգսյանը, եւ ՀՀ դատախազության այլ աշխատակիցներ:




























