Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը տեղյակ չէ` քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այցելե՞լ է Հայաստանի նախագահի նստավայր, թե` ոչ: Երեկ լրատվամիջոցներում նման տեղեկություններ տարածելուց հետո, երբ NEWS.am-ի թղթակիցը զանգահարեց նրան, մամուլի քրատուղարը նշեց, որ քաղաքապետարանում չէ եւ չգիտի` նման բան կա՞, թե` ոչ: Իսկ այսօր առավոտյան նա մեր հետ զրույցում ասաց, որ ով գրել է այդ մասին, իրենից էլ ճշտեք, իսկ ինքը այլ ասելիք չունի:
Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելուն, Լիլիթ Աղեկյանն ասաց` «Կգա ժամանակը, կասենք»:
Ի դեպ, ընդամենը մեկ շաբաթ առաջ քաղաքապետի մամուլի քարտուղարը մեր հետ զրույցում վստահորեն հայտարարել էր, թե Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու հիմքեր չունի, «արված աշխատանքը կրկնապատկելու, պահպանելու խնդիր կա»:
Հարցին, թե եթե ՀՀԿ-ն որոշի, որ Վարդան Ղուկասյանը չի առաջադրում իր թեկնածությունը, ի՞նչ պետք է անեն, Լիլիթ Աղեկյանն պատասխանել էր. «Գյումրիի քաղաքապետը երբեք կուսակցական որոշումներով չի առաջնորդվել: Գյումրիի քաղաքապետն ունի իր ծրագիրը, առաջադրվելու է, իսկ իր կուսակցության «եթե»-ները դուք եք ասում: Մենք ակնկալում ենք, որ ինչպես բոլորը, այդպես էլ կուսակցությունը տեսնում է քաղաքապետի աշխատանքը եւ իրենք իրենց բարոյական աջակցությունը կցուցաբերեն: ՀՀԿ-ն շատ խոհեմ կուսակցություն է եւ կարծոմ ենք, որ նման վերաբերմունք չի լինի»:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների ԲՀԿ անդամ, պատգամավոր Սամվել Բալասանյանի` նախագահական նստավայր այցելությունից հետո, ԲՀԿ հայտարարեց Գյումրիի քաղաքապետի ընտրություններում նրա թեկնածության առաջադրման մասին: Իսկ երեկ լուրեր էին շրջանառվում, որ նախագահական նստավայր է այցելել Վարդան Ղուկասյանը, եւ նրան չի հաջողվել «դաբրո» ստանալ առաջադրվելու հետ կապված:




























