Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող (Շիրվանզադեի փողոց) տարածքի բարեկարգումը տարիներ շարունակ «պատվի խնդիր» է եղել ինչպես Վանաձորի հասարակ բնակիչների, այնպես էլ նշված փողոցի վրա բացօթյա առեւտուր իրականացնողների համար: Քարուքանդ եղած փողոցի փոշու ու ցեխաջրերի մեջ վաճառվող սննդամթերքն ուղղակի սպառնալիք էր մարդկանց առողջության համար: Ձմռանը վիճակն էլ ավելի էր վատանում, քանի որ ճանապարհն ամբողջությամբ սառչում էր, ու քիչ չեն գրանցվել կոտրվածքի դեպքեր:
Թեեւ քաղաքապետարանը կարող էր բացօթյա առեւտրով զբաղվողներին զրկել իրենց գործունեությունից, սակայն այսքան տարի թույլատրել է մարդկանց զբաղվել այդ գործով`վաստակելով օրվա հացը, մինչդեռ բնակիչները բազմիցս են բարձրաձայնել Լաչինի միջանցք փողոցի խնդրի մասին, որտեղ ստեղծված հակասանիտարական պայմաններում կողք-կողքի վաճառվում է սնունդ, շինանյութ, կենցաղային իրեր, ձկնեղեն ու մսեղեն:
ՀՀ կառավարության կողմից Շիրվանզադեի փողոցի ասֆալտապատման համար պետբյուջեից մարզերին հատկացվող երրորդ հրատապ ծրարով հատկացվել է 16 մլն 600 հազար դրամ: Շուրջ 10 օր՝ նշված տարածքում առեւտուրը դադարեցվել է` շինաշխատանքների ընթացքին չխոչընդոտելու համար:
«Լաչինի միջանցքով» օրերս անձամբ շրջել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, զրուցել վաճառողների հետ, անձամբ նայել կատարված աշխատանքները: Թեեւ Լաչինի միջանցքի խնդիրը վերջնականապես դեռ լուծված չէ, սակայն փողոցն ասֆալտապատելը լուրջ ու կարեւոր խնդիր էր, մնում է, որ մի փոքր էլ ուշադրություն դարձվի փողոցային առեւտրին ու սանիտարահիգիենիկ պայմաններին, առաջարկում են վանաձորցիները:




























