Հայաստանում զբոսաշրջությունը վերելք է ապրում, տարածքային առումով ավելի են տարածվում հանգստի գոտիները։ Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոմէա գայթակղիչ ճանապարհորդությունների ակումբի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, մեծ թափով զարգանում է բիզնես եւ առողջարանային տուրիզմը։

Պաշտոնական տեղեկություններով, անցյալ տարի յոթ հարյուր հիսունութ հազար զբոսաշրջիկ է այցելել  Հայաստան, ովքեր հիմնականում ակտիվ հանգիստն են նախընտրել։

Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ ներքին տուրիզմի զարգացման առումով մեծ առաջընթաց են ապահովում կառավարության որոշմամբ հանրային ծառայողներին տրվող սոցիալական փաթեթները, որոնք այս տարվանից մտան կիրառության մեջ։ «Դրանք հնարավորություն են ընձեռում մատչելի տարբերակով հանգիստն անցկացնել Հայաստանի տարածքում։ Այս սոցիալական փաթեթների արդյունքը կտեսնենք երկու–երեք տարի հետո, երբ հայերը կհանգստանան Հայաստանում»,- ասաց նա։

Ռուբեն Գրիգորյանը շեշտեց, թե թյուր կարծիք է ձեւավորվել, թե Հայաստանում ավելի թանկ է հանգիստը, քան` դրսում։