Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում հուսահատության արդյունքում պերեօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը խախտել է դատախազությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանի աշխատակազմից:

Անահիտ Վարդանյանը, քաղաքից երկար ժամանակով բացակայելուց հետո հայտնաբերել էր, որ իր հարեւանը տիրացել էր իրեն պատկանող քարե ավտոտնակի վրա գտնվող տնակին եւ դրա ներսում գտնվող գույքին։ Վարդանյանը դիմել էր ոստիկանություն, սակայն գործը որակվել էր որպես քաղաքացիաիրավական, եւ քրեական գործ չէր հարուցվել։ Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ  որոշման հիմքում դրված նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ տրված բացատրություններն իրարամերժ էին եւ հակասական, եւ միայն քրեական գործի հարուցմամբ հնարավոր կլիներ անցկացնել առերես հարցաքննություններ եւ պարզել հիշյալ հանգամանքները: Հետեւաբար քրեական գործի հարուցումը մերժելը խախտել է քաղաքացու իրավունքը:

Ավելին, տիկին Վարդանյանը ոստիկանություն էր դիմել նոյեմբերի 2-ին, իսկ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացվել էր միայն դեկտեմբերի 12-ին` այդպիսով խախտելով ՀՀ Քր. դատ օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված տասնօրյա ժամկետը: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Օրենքով հստակ սահմանված ժամկետի երկարաձգման որեւէ դեպք նախատեսված չէ: Հետեւաբար, խախտվել է նաեւ օրենքի հստակ պահանջը:Մինչդատական վարույթում դատախազությանը վերահսկողական լայն լիազորություններով օժտելը հետապնդում է  մի քանի կարեւոր նպատակներ, որոնցից են գործի քննության նախնական փուլերում օրենքի խախտումները բացառելը, հանցագործությունների արագ բացահայտումը եւ անձանց իրավունքների պատշաճ իրականացման համար երաշխիքների ստեղծումը: Ա. Վարդանյանի դեպքում դատախազության ոչ պատշաճ վերահսկողությունը հանգեցրել է ոչ միայն նախնական քննության իրականացման օրենքով սահմանված կարգի, այլեւ կնոջ իրավական պաշտպանություն ստանալու իրավունքի խախտման:

Պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ հաջողվել է վերականգնել Վարդանյանի սոցիալական օգնություն ստանալու մեկ այլ խնդիրը, սակայն նրա քրեադատավարական իրավունքների պաշտպանության խնդիրները մնացել են չլուծված: