Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Վորլդ Վիժն» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հուլիսի 16-21-ը Ծաղկաձորի Գրողների տանն անցկացրել է կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Ծրագրում ընդգրկված են եղել շուրջ 150 ուսուցիչներ` հայաստանյան բոլոր թեմերից:
Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը եւ «Վորլդ Վիժն»-ի հայաստանյան գրասենյակի` ՀՀ կառավարության եւ Եկեղեցու հետ կապերի պատասխանատու տիկ. Կարինե Հարությունյանը, ովքեր, երկուստեք կարեւորելով կառույցների արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնեցին, որ այն շարունակական եւ առավել ընդգրկուն կլինի:
Դասընթացի օրակարգում ընդգրկված էին Հայ եկեղեցու դավանաբանության, Սուրբ Գրքի եւ եկեղեցաբանական տարաբնույթ հարցերի վերաբերյալ դասախոսություններ, որոնք ներկայացվել են ինչպես հոգեւորականների, այնպես էլ աշխարհական մասնագետ բանախոսների կողմից: Առաջին անգամ դասընթացի շրջանակներում Արարատյան Հայրապետական եւ Արմավիրի թեմերի ուսուցիչները ներկայացրել են օրինակելի դասեր, որոնց հետեւել են մեթոդական քննարկումներ:
Դասընթացի ավարտին ուսուցիչները Կեչառիսի վանքում մասնակցել են ուխտի Ս. Պատարագին:




























