ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ կայացրած անմարդկային ու ապօրինի դատավճիռը համակարգի ինքնավստահության եւ ինքնատիրապետման բացակայության ապացույցն է: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Սարդարապատ» շարժումը:

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանյան քրեաօլիգարխիկ վարչախմբի հլու կամակատար եւ պատժիչ մարմին դատարանի կողմից ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ կայացրած անմարդկային ու ապօրինի դատավճիռը համակարգի ինքնավստահության եւ ինքնատիրապետման բացակայության ապացույցն է:

Ակտիվ երիտասարդ սերնդի առանցքի շուրջ ձեւավորվող քաղաքացիական հանրության մեջ տեսնելով իր գոյությանն սպառնացող ամենալուրջ վտանգ, վարչախումբը ընտրում է գոյատեւման վերջին միջոց բռնությունը եւ հարձակման է անցնում: Քրեական օլիգարխիայի ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից ՀՀ զինված ուժերի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանին առանձնակի դաժանությամբ սպանելը եւ երիտասարդ ակտիվիստների կողմից ոստիկանական ապօրինի բռնությանը ինքնապաշտպանության նպատակով հակադարձելը մոտավորապես նույն ծանրության հանցագործություն համարելու միջոցով (առաջիններին նախատեսելով 5-ից 10 տարի արգելափակում, իսկ երիտասարդներին փաստացի դատապարտելով մինչեւ 6 տարի բանտարկության), վարչախումբը բացահայտ մարտահրավեր է նետում հանրությանը: Անթաքույց լկտիությամբ ոտնահարելով իրավունքն ու օրինականությունը, վարչախումբը փորձում է քրեական պատժի միջոցով հաշվեհարդար տեսնել ու սպառնալիքով ահաբեկել ու լռեցնել քաղաքացիական ակտիվության կորիզը կազմող երիտասարդությանը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը Հայրենիքի եւ սերունդների ապագայի համար պատասխանատվություն զգացող քաղաքացիական ակտիվիստներին, առաջին հերթին` երիտասարդությանը կոչ է անում ոչ մի պարագայում չընկրկել պետական իրավապահ համակարգը ժողովրդի նկատմամբ որպես ահաբեկման գործիք կիրառող հանցավոր վարչախմբի սպառնալիքների առջեւ, այլ համախմբվել ու միասնաբար պայքարել երիտասարդ ակտիվիստներին օր առաջ ազատության մեջ տեսնելու նպատակի համար: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր հնարավոր ձեւերով ու միջոցներով մասնակցելու եւ աջակցելու այդ համախմբմանն ու պայքարին:

Իր հոգեւարքն արդեն իսկ զգացող քրեաօլիգարխիկ համակարգը գոյատեւման տենդի մեջ է ընկել եւ հերթական անխուսափելի սխալն է կատարում, քանի որ այլեւս գործ ունի այնպիսի քաղաքացիական հասարակության հետ որին չես վախեցնի ձերբակալություններով այլ ընդհակառակը կամրապնդես պայքարի վճռականությունը, ուստի մեր պարտքն է լիարժեք կերպով օգտագործել այս հնարավորությունը եւ հանիրավի դատապարտված երիտասարդների ազատագրմամբ եւս մեկ քայլ կատարել Հայոց պետականության նորոգման ու Հայրենիքի վերածննդի գործում»: