Սեպտեմբերի 9-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը, ով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ աշխատել է նույն «Պոպուլեքա» փաստաբանական գրասենյակում: Վերջինիս խոսքով, առաջին հերթին վանաձորցիներն արդարության պահանջ են զգում:

«Վանաձորցիները ցանկանում են, որ իրենց կողմից վճարված հարկերի հաշվին աշխատավարձ ստացող պաշտոնյան ծառային ժողովրդի համար: Ես ցանկանում եմ, որ Վանաձորի բնակիչը իրեն արժանապատիվ զգա իր քաղաքում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում ներկայիս քաղաքապետ Սամվել Դարբինյանի այս տարիների աշխատանքին, Թումանյանը պատասխանեց, որ գնահատական կտա քվեարկության ժամանակ: Նա չցանկացավ նշել, թե թեկնածուների շրջանառվող անուններից ում է իրեն լուրջ մրցակից համարում, միայն նշեց, որ քաղաքապետ դառնալուց հետո չի պատրաստվում որեւէ կուսակցության շարքերը համալրել:

«Վանաձոր քաղաքում բնակվողների համար կարելի է աշխատել առանց որեւէ կուսակցական պատականելություն ունենալու, հեեւաբար նման մտադրություն չունեմ»,-ասաց փաստաբանը:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե խոսակցություններ կան, որ քաղաքապետ դառնալու մտադրությունը ծնվել է իր ընկեր, անկուսակցական Էդմոն Մարուքյանի` Վիկտոր Դալլաքյանի նկատմամբ տարած հաղթանակից հետո, Կ. Թումանյանը պատասխանեց. «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ լինելով կուտակել եմ բավարար փորձ եւ հմտություններ եւ ներկայումս պատրաստ եմ ավելի արդյունավետ իրացնել այդ փորձը: Ինչ վերաբերվում է իմ ընկեր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հաղթանակին, այդ հաղթանակով բոլորս էնք ոգեւորված, բայց դա բավարար նախապայման չի կարող հանդիսանալ քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու համար: Դրանք տարբեր ընտրություններ են»: