Թերթը զրուցել է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ.

Պարոն Նազարյան, ըստ տեղեկությունների՝ Դուք արձակուրդից չեք վերադառնալու, քանի որ պաշտոնանկ եք արվելու:

Կապրենք` կտեսնենք:

Ձեզ պաշտոնանկ անելու հեռանկարը պայմանավորվում է Ռուբեն Հայրապետյանի ներկայիս խոցելի կարգավիճակով, նաեւ նրանով, որ Հայրապետյանն այսօր չի կարող Ձեր «թիկունքին կանգնել»:

Չէ, չէ, նման բան չկա, նման հարց չկա, դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Դուք ինչ-որ խնդիրնե՞ր ունեք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Բացարձակ խնդիր չկա:

Իսկ արձակուրդ գնալուց առաջ Դուք եւ ոստիկանապետն ինչպե՞ս եք իրարից «բաժանվել», վերջնական հաջողությո՞ւն եք մաղթել միմյանց, թե՞ վերադառնալու ակնկալիքով եք մեկնել հանգստի:

Շատ լավ, արդեն ես արձակուրդի մեջ եմ: Ոստիկանապետի հետ մենք շատ լավ ընկերներ ենք, 25 տարի է արդեն, եւ երբեք ոչ մի բան չի կարող մեր հարաբերությունների... Անկախ նրանից՝ մենք իրար հետ կաշխատենք, չենք աշխատի, մենք երկուսս էլ նորմալ մարդիկ ենք՝ մանկությունն իրար հետ ապրած, կյանքում մենք իրար հետ երբեք չենք կարող պրոբլեմ ունենալ: Մեր տեսակի մարդիկ իրար հետ պրոբլեմներ չեն ունենում:

Հնարավո՞ր է՝ ոստիկանապետը դժգոհ է Ձեր աշխատանքից եւ այդ պատճառով Ձեզ պաշտոնանկ անի:

Աշխատանքային խնդիրներ միշտ էլ կարող են լինել. լինում են եւ դժվարին, եւ լավ, եւ վատ, բայց դա չի կարող ազդել մեր հարաբերությունների վրա: Հիմա առավել եւս, քանի որ ամեն ինչ շատ լավ է՝ եւ աշխատանքները, եւ ցուցանիշները, եւ գործը: Տրամադրված ենք համակարգն առաջ տանելու: Երբեք այնպիսի աշխատանք չեմ արել, որից դժգոհի ոստիկանապետը:

Ե՞րբ եք վերադառնալու արձակուրդից:

Ինչքա՞ն եք ուզում, երբ ուզեք, այդ ժամանակ կվերադառնամ. ամսի 7-ին աշխատանքի եմ:  Ուրեմն ես Ձեզ մի հատ խորհուրդ տամ. երբեք վատ էմոցիաներ մի ունեցեք, վատ, բացասական էմոցիաները միշտ հակառակ ազդեցությունն են ունենում: Նայեք ամեն ինչին միշտ լավ, նայեք նորմալ, եթե ինչ-որ մեկի հետ կապված վատ բան էլ լինի, երբեք տենց մի մատուցեք, դրանով մի ուրախացեք: Համենայն դեպս, մոտակա 25 տարին այդ ուրախությունը չի լինի ոչ մեկի համար: Զինվեք համբերությամբ:

Արձակուրդից վերադառնալուց հետո հնարավո՞ր է Ձեզ այլ պաշտոնում տեսնենք:

Չէ, չէ, իմ պաշտոնն ինձ բավականացնում է, եւ ես շատ գոհ եմ իմ պաշտոնից, իմ աշխատանքից: Այնպես որ հանգիստ եղեք, դեռ շատ երկար իրար հետ աշխատելու ենք: