Անհրաժեշտ է արմատապես փոխել Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը, քանի որ եթերն ուղղակի անտանելի է: Այս մասին այսօր` հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: «Բայց եթերը չպետք է շտկվի այն միջոցներով, որոնք թելադրված են մի շարք մտավորականների կողմից Սերժ Սարգսյանին ուղղված դիմում-նամակում: Այնպիսի տպավորություն է, թե հեռուստաընկերությունները կախման մեջ են գործող իշխանություններից, մանավանդ` մասնավոր հեռուստաընկերությունները, որոնց խնդիրը բիզնեսն է: Մեր հեռուստաեթերում նկատելի են լճացման երեւույթներ, որոնք կանխելու համար պետք է հրաժարվել սերիալներից ու տափակ հումորից»,- նշեց նա:

Նրա կարծիքով` մտավորականների այդ նամակը մեկ անգամ եւս ընդգծեց, որ մեզանում հեռարձակողներն ազատ չեն եւ մեծապես կախված են իշխանության հրահանգից: «Այսինքն՝ մտավորականները համարում են, որ նախագահից է կախված եթերի կանոնակարգումը: Իսկ նախագահի հետագա քայլը ցույց տվեց, որ, այո՛, դա այդպես է»,-ասաց նա: Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ երբ իրենք բարձրաձայնում էին այն մասին, որ «Հետուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը» բազմաթիվ դրույթներով հակասում է միջազգային նորմերին, նույն մտավորականներից ոչ մի արձագանք չեղավ:  Նրա խոսքով` անհրաժեշտ է պարտադրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին կատարել իր պարտականությունները հետեւելով, թե ինչքանով են հեռուստաընկերությունները կատարում օրենքի պահանջները եւ ոչ թե մեկին տուգանեն կամ պատժեն, այլ շատ օբյեկտիվ տեսնեն, թե որքանով են համապատասխանում: Ստեղծագործական հարցերը պարտավոր են հեռուստաընկերություններն իրենք լուծել՝ ինքանկարգավորմամբ եւ էթիկայի նորմերի շուրջ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը փաստեց նաեւ, որ տպագիր մամուլը գնալով որակազրկվում է, ինչով պայմանավորված` թերթերի տպաքանակները նվազում են: