«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը Լաստիվերի խնդրի առնչությամբ նամակով դիմել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

Նամակում ասվում է.

«Տավուշի մարզի Աղստեւ գետի ձախակողմյան Պաղջուր վտակի վրա նախատեսվող փոքր ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դեռեւս հունիսի 27-ին գրավոր դիմել էինք Ձեզ:

Վերոնշյալ դիմումով հայտնել էինք նաեւ, որ Պաղջուր գետի ողջ հովիտն իր գերակշիռ մեծամասությամբ ծածկված է խիտ, չափազանց գեղատեսիլ անտառներով, այնտեղ է գտնվում տեղացի եւ օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից շատ սիրված եւ արդեն որոշակի բրենդ դարձած Լաստիվերը՝ իր ջրվեժներով, սահանքներով եւ քարանձավներով: Բացի այդ, այդ տարածքում է գտնվում Իջեւանի պետական արգելավայրը, հետեւաբար մեզ համար անհասկանալի եւ անընդունելի է նման գեղատեսիլ վայրում այդպիսի գործունեության ծավալումը: Կարծում ենք, որ տվյալ տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցումը բերելու է այդ յուրօրինակ էկոհամակարգի եւ լանդշաֆտի խախտման, բազմաթիվ ծառերի հատման եւ շրջակա միջավայրի վրա ազդող այլ անկանխատեսելի հետեւանքների:

Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրել էինք Ձեզ մեր նախաձեռնությանը տրամադրել «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի բնապահպանական փորձաքննության ներկայացված փաստաթղթերի եւ համապատասխան եզրակացության պատճենները:

Ի պատասխան մեր դիմումի` ՀՀ բնապահպանության նախարարությունից ս. թ. հուլիսի 11-ի գրությամբ տեղեկացվել ենք, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերն առայսօր չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

Սակայն, ի զարմանս մեզ, այսօր՝ հուլիսի 24-ին ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք էջում տեղադրվել է հասարակական լսումների մասին տեղեկատվություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Ս.թ հուլիսի 24-ին ժամը 12.00-ին «Մեգաէներջի» ՍՊԸ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավանի գյուղապետարանում կազմակերպում է հասարակական լսումներ՝ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի վերաբերյալ: Նախագծին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երեւան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-01-10-00, Ենոքավանի  գյուղապետարանում»:

Հետաքրքիր է ՀՀ բնապահպանության նախարարության ողջ աշխատակազմը ինչպես է պատկերացնում շահագրգիռ հանրության կողմից մեկ ժամվա ընթացքում հիշյալ փաստաթղթերին ծանոթանալու, կարծիք կազմելու, իր դիտողություններով ու առաջարկություններով Ենոքավան համայնք հասնելու (ի դեպ, Ենոքավանը գտնվում է Երեւանից մոտ 140 կմ հեռավորության վրա) եւ, այսպես կոչված, հասարակական լսումներին մասնակցելու գործընթացը: Բացի այդ ոչ մի նախագծային փաստաթուղթ չկա տեղադրված նախարարության կայքում:

Չապահովելով սույն նախագծի հանրային քննարկումը` շահագրգիռ հանրության մասնակցությամբ, թույլ է տալիս մեզ արձանագրելու, որ նախարարությունն ու նախաձեռնող ընկերությունը վարում են ոչ թափանցիկ քաղաքականություն: Այս ամենը վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի դրսեւորման, անփույթ եւ ոչ թափանցիկ, գաղտնի աշխատելաոճի մասին:

Ինչպես ամրագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում` «Ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում լիազորված մարմինն իրազեկ է պահում ազդակիր համայնքի ղեկավարներին եւ հասարակայնությանը նախատեսվող գործունեության իրականացման նախաձեռնության մասին»: Քանի որ մեր նախաձեռնությունը նախապես պաշտոնական նամակով արտահայտել էր իր շահագրգռվածությունը այս հարցի վերաբերյալ, առավել եւս զարմանալի է, որ մեզ ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվել:

Մենք գտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կովենցիայով սահմանված հանրային իրազեկման եւ մասնակցության ապահովման պահանջները: Այսպիսի գործելակերպը չի կարող նպաստել հանրության մասնակցության ապահովմանը, այլ ընդահակառակը սահմանափակում է այն:

Դատապարտում ենք ՀՀ բնապահպանության նախարարության ոչ թափանցիկ եւ ոչ մասնակցային աշխատելաոճը: Անհրաժեշտ է, որպեսզի նախարարությունն անհապաղ քայլեր ձեռնարկի իր աշխատելաոճը փոխելու ուղղությամբ` հաշվի առնի շահագրգիռ հանրության լայն զանգվածի կարծիքը, այդ նպատակով նրանց եւ համապատասխան մասնագետների մասնակցությամբ իրականացնի հանրային քննարկում, այլ ոչ թե գաղտնի եւ արագացված կարգով եւ տնային ոճով:

Որպես կանոն, պետության շահագրգիռ հանրությունը, շրջակա միջավայրին առնչվող կամ բնապահպանական ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի, ծրագրերի եւ/կամ հայեցակարգերի մասին տեղեկանում է բավականին ուշացումով, երբ արդեն հնարավոր չէ արդյունավետ կերպով մասնակցել դրանց ընդունման գործընթացին ու ազդել դրանց բովանդակության վրա:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախաձեռնող ընկերությունը սպասում էր, որպեսզի որեւէ մեկը դիմեր ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի դրանից հետո ՀՀ բնապահպանության նախարարության հետ միասին արագացված կարգով իր փաստաթղթերը ներկայացներ` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, այնուհետեւ, կրկին նախարարության հետ միասին կազմակերպեր գաղտնի եւ արագացված լսումներ: Եթե սրան էլ լրացնենք նաեւ այն փաստը, որ մեր նախաձեռնությունը մոտ մեկ ամիս առաջ արդեն տեղեկացված էր, որ վերը նշված տարածքում  սկսվել են շինարարական աշխատանքներ` առանց համապատասխան փորձագիտական եզրակացության, ապա պատկերը լրիվ պարզ է դառնում:

Մեր նախաձեռնությունը համարում է, որ այս լսումները չեն կարող օրինական համարվել, որովհետեւ իրականացվել են ՀՀ օրենսդրության եւ Օրհուսի կոնվեցիայի պահանջների խախտումներով, հետեւաբար պահանջում ենք, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը նշանակի նոր հանրային լսումներ` ապահովելով վերը նշված նախագծի մասին շահագրգիռ հանրության իրազեկման, ինչպես նաեւ նրանցից կարծիքների հավաքման աշխատանքների իրականացման ողջամիտ գործընթաց»: