ՀՀԿ-ն դրական է վերաբերում ԲՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Բալասանյանի առաջադրմանը Գյումրիում քաղաքապետի ընտրություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հավելելով, որ դա ինչը նշանակում է, որ իրենք կամ կառաջադրեն իրենց թեկնածուին, կամ կպաշտպանեն Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Նրա խոսքով, այս պահին ՀՀԿ-ում դեռ արձանագրված որոշում չունեն:
Հարցին, թե ՀՀԿ-ն այս պահին Սամվել Բալասանյանին այլընտրանք ունի՞, թե` ոչ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե խոսքը վերաբերում է թեկնածու ունենալ-չունենալուն, ապա մի քանիսն ունենք, բայց խնդիրն այն է, որ մեր վերլուծություններով Սամվել Բալասանյանին լավ են ընդունում եւ կարծում եմ, որ հենց դա էլ պետք է լինի ցանկացած կուսակցության խնդիրը, որ ՏԻՄ մարմիններում այնպիսի ղեկավարներ լինեն, որոնց կհավատա հասարակությունը»:
Ի դեպ, Գալուստ Սահակյանը նշեց, որ անհեթեթություն է կարծել կամ այս պահին խոսել, որ Սամվել Բալասանյանը ՀՀԿ-ական կդառնա: «Նման խնդիր չի քննարկվում»,-ասաց նա:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























