ՀՀՇ երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարի ազատազրկման դատապարտելու որոշման հետ կապված:
Հայտարարությունում նշվում է.
«2012թ. հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը ազատազրկման դատապարտեց ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամներ Տիգրան Առաքելյանին ու Սարգիս Գեւորգյանին, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Արտակ Կարապետյանին ու Դավիթ Քիրամիջյանին:
Այս խայտարակ դատավարությունը, իրեն պատշաճող ոստիկանական սուտ վկայություններով, անհիմն մեղադրանքներով եւ կամակատար դատավորներով, կրկին գալիս է ապացուցելու, որ ՀՀ իշխանությունները, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս, պատրաստ չեն մտնել քաղաքական պայքարի օրինական դաշտ:
ՀՀՇ ԵՄ-ն,
- արձանագրելով վերոշարադրյալը,
- համոզված լինելով, որ քաղբանտարկյալների առկայությունը սասանում է Հայաստանի միջազգային հեղինակությունը, լրջագույնս վտանգում նորանկախ իրավական եւ ժողովրդավարական պետության հաստատումն ու վերջնականապես ապականում դատական իշխանության անկախությունն ու արժանապատվությունը,
-նկատի ունենալով ՀՀ քաղաքացիներից որեւէ մեկի՝ վարչակազմի ապօրինություններից երաշխավորված չլինելը եւ ցանկացած պահի հարձակման թիրախ դառնալու իրական վտանգը,
- մտահոգ լինելով ՀՀ-ում հասարակական-քաղաքական ակտիվություն դրսեւորող երիտասարդների ճակատագրով,
- ինչպես նաեւ հիմք ընդունելով հայաստանյան քաղաքական դաշտի երիտասարդական թեւերի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից սույն թվականի փետրվարի 26-ի համատեղ հայտարարությունը, որի 4-րդ կետը հռչակում է. «Քաղաքական հայացքների հետեւանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում եւ նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում»,
կոչով դիմում է հայտարարության տակ ստորագրած բոլոր երիտասարդական թեւերին եւ հասարակական-քաղաքական կազմակերպություններին` հավատարիմ մնալ համատեղ արձանագրված արժեքներին եւ սկզբունքային դիրքորոշում հայտնել երիտասարդներին ապօրինի դատապարտելու փաստի առնչությամբ:
ՀՀՇ ԵՄ-ն հայտարարում է նաեւ, որ ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ վերաբերմունքի դեպքում անգամ շարունակելու է սկզբունքային պայքար մղել՝ պաշտպանելու ՀՀ ցանկացած քաղաքացու խախտված իրավունքները, անկախ նրա կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից եւ հասարակական դիրքից»:




























