Երեւանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստին ներկա են եղել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը եւ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Օրակարգի հարցերի թվում քննարկվել է նաեւ նորվեգացի մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում, համանուն թանգարանին կից հոգեւոր կառույցի ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի կողմից արված էսքիզային առաջարկը: Հիշեցնենք, որ կառույցն իրականացվում է տարածքի բնակիչների խնդրանքով ՝ վաստակավոր բժիշկներ Կառլեն եւ Սառա Եսայանների բարեգործական միջոցներով եւ լինելու է Երեւան համայնքի սեփականությունը:
Հարցի վերաբերյալ կարծիքներ հայտնած նիստի մասնակիցների ընդհանուր տեսակետը հետեւյալն էր. գաղափարը թույլատրելի է, բայց պետք է գտնել ճարտարապետական այնպիսի լուծում, որը ներդաշնակ կլինի կառուցվող թանգարանին:
Ճարտարապետական հանձնաժողովը քննարկել է նաեւ Հանրապետության հրապարակի եւ հարակից տարածքների կառուցապատման կարգավորման նպատակով փորձագիտական աշխատանքային խումբ ձեւավորելու վերաբերյալ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկը:
Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր ճարտարապետները, ողջունելով Երեւանի գլխավոր ճարտարապետի առաջարկությունը, հարցի շուրջ ծավալված քննարկման ընթացքում արտահայտել են իրենց տեսակետներն ու դիրքորոշումը, ըստ որի նման մասնագիտական աշխատանքային խմբի ձեւավորումն անհրաժեշտություն է:
Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը որոշել է առաջիկա նիստի ընթացքում գործնական քննարկում ծավալել վերը նշված փորձագիտական աշխատանքային խմբի ձեւավորման շուրջ՝ այդ համատեքստում անդրադառնալով նաեւ կազմակերպչական եւ բովանդակային այլ հարցերի:




























