Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` հուլիսի 25-ին, շարունակեց իր մարզայինն այցելությունները, այս անգամ` ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Ստուգայցն ու հսկիչ գնումներն իրականացվեցին քաղաքի ամենախոշոր` «Աշտարակ» սուպերմարկետում;

Առեւտրի այդ կետը ոչ դիզայնով, ոչ տեսականիով, ոչ էլ գներով չի զիջում երեւանյան ոչ մեծ սուպերմարկետներին, ուստի դրանում հայտնաբերված խախտումները ինչ որ առումով ընդհանրական են ողջ հանրապետության համար:

Նախ, կրկին կարագի փոխարեն վաճառվում է սփրեդ: «Տուլչինկա», «Մոլոչնի» եւ «Կովիկ Սանտա Աննա» ապրանքանիշերը ներկայացվում են որպես կարագ, իրականում սփրեդ են: Սպառողները սփրեդը կարագից կարող են տարբերել հետեւյալ կերպ. սփրեդը փափկություն ունի նույնիսկ սառնարանից հանելու դեպքում, այնինչ կարագը պինդ է լինում: Բացի այդ` իսկական կարագը թանկ է, կգ-ը 2500 դրամից ոչ պակաս, իսկ սփրեդների գները տատանվում են 1100-1800 դրամի սահմաններում; Եւ վերջապես` «Տուլչինկա» հայտնի ապրանքանիշով կարագներ չեն արտադրվում, դրանք միայն սփրեդներ են: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողներին ասաց, որ սփրեդը կարագվի փոխարեն վաճառելու սովորույթը պահպանվել է մարզերում, այնինչ Երեւանում խնդիրը կարելի է լուծված համարել` մոնիտորինգն իրականացվում է պարբերաբար:

Հաջորդ խախտումը վերաբերում է մսային կիսաֆաբրիկատներին: Շատ են դեպքերը, երբ դրանք վաճառվում են առանց մակնշման, առանց արտադրողի կամ ժամկետի մասին նշումների; Այսինքն` ունեն անհայտ ծագում եւ բաղադրություն, հետեւաբար` սպառողի համար պոտենցիալ վտանգ են; Այդ կիսաֆաբրիկատները սովորաբար պատրաստվում են ոչ որակյալ մսերից, հակասանիտարական պայմաններում եւ էժան են, ինչի համար էլ գրավիչ են սպառողների որոշակի խմբերի համար:

Եւ վերջապես` ՏՄՊՊՀ փորձագետները հայտնաբերեցին «տորթի գել», որի ծագման ու բաղադրության մասին նույնպես ոչ մի տեղեկություն չկար տուփի վրա:

ՏՄՊՊՀ վերահսկողական վարչության  մասնագետ Հայկ Վարդանյանը լրագրողներին ասաց, որ հայտնաբերված խախտումների արդյունքում կհարուցվի վարույթ, կլսվեն նաեւ տնտեսվարողների բացատրություններն ու մեկնաբանությունները: Եթե պարզվի, որ սփրեդները որպես կարագ ներկայացվել են մատակարարների կողմից, ապա տուգանքի կենթարկվի ոչ թե խանութը, այլ մատակարարը; Անբարեխիղճ մրցակցության դեպքում տուգանքը կարող է հասնել մինչեւ նախորդ տարվա շրջանառության 1%-ին;

Նշենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մարզային կառույցներ չունի, ինչով էլ պայմանավորված են մարզային նմանատիպ այցելությունները: Ըստ Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի` մարզային այցելությունները նաեւ նպատակ ունեն սպառողներին իրազեկել իրենց իրավունքների մասին, վստահություն առաջացնել Հանձնաժողովի գործունեության նկատմամբ: