Հայաստանի արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության վարույթում գտնվող ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերի քանակն ավելացել է:

Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Միրիջանյանը:

Մասնավորապես, 2011 թվականին ծառայությունում ընթացք է տրվել նմանատիպ 892 կատարողական վարույթի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն այդ ցուցանիշը հասնում է 1362-ի։ Չնայած այն հանգամանքին, որ աճել է  նաեւ երեխաների տեսակցության կազմակերպման  վերաբերյալ  կատարողական վարույթների քանակը՝  նախորդ տարի 64,  իսկ 2012թ. առաջին կիսամյակ՝ 79, այնուամենայնիվ , ըստ Գ. Միրիջանյանի, ճիշտ չի լինի այս վիճակագրության հիման վրա հետեւություն անել ընդհանրապես նման վեճերի կամ ամուսնալուծությունների քանակի աճի մասին: «Դրա վերաբերյալ  ճշգրիտ տեղեկատվություն թերեւս կարելի է ստանալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից»,- ասաց Գ. Միրիջանյանը: