Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակով դիմել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որտեղ անդրադառնում է ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրին:
Նամակում ասվում է.
«Մեր կողմից ուսումնասիրվել է Հայաստանի հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը: Դատաիրավական ոլորտում նախկինում մշակված բազմաթիվ համանման ծրագրերից այս մեկը շահեկանորեն տարբերվում է իր համակարգային մոտեցմամբ, իրական փոփոխություններ ապահովող լուծումներով եւ իրատեսական մեխանիզմներով:
Նախկինում բազմիցս բարձրաձայնել ենք Հայաստանում արդար եւ հաշվետու դատական իշխանության կայացման խնդրի մասին: Մեր գնահատմամբ այս ծրագիրը նախատեսում է դատական իշխանության բարեփոխումների այն մեխանիզմները, որոնք կարող են լուծել հանրության համար ամենացավոտ՝ արդարադատության խնդիրը: Մասնավորապես, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերի եւ հիմքերի վերաբերյալ բարեփոխումները, դատախազության գործունեության արդյունավետության եւ մատչելիության բարձրացումը, ինչպես նաեւ իրավական համակարգի այլ ոլորտների բարելավմանն ուղղված փոփոխությունների իրականացումը իրական հիմք կարող են դառնալ այդ համակարգերի եւ ոլորտների բարեփոխման համար:
Գիտակցում ենք, որ նույնիսկ լավագույն ծրագրի դեպքում միայն դրա իրագործմամբ է հնարավոր դրական փոփոխություն ակնկալել յուրաքանչյուր քաղաքացու կյանքում: Միեւնույն ժամանակ վստահ ենք, որ առանց հասարակության բավարար ընկալման եւ լայն աջակցության բարդ կլինի լիարժեք հաջողել այս հավակնոտ եւ դրական նախաձեռնության մեջ:
Հետեւաբար, մեր զորակցությունն ենք հայտնում այս ուղղությամբ սկսած Ձեր նախաձեռնություններին: Պատրաստակամ ենք մեր լիազորությունների եւ կարողությունների սահմաններում ամեն կերպ աջակցել Ձեզ, որպեսզի դատաիրավական բարեփոխումները մոտ ապագայում դառնան իրականություն: Հուսով ենք, որ հասարակական եւ քաղաքական բոլոր ուժերը, խորությամբ ծանոթանալով այս ծրագրին, նույնպես կաջակցեն Ձեզ սպասվող դժվարին աշխատանքներում»:




























