Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Երեւանի չգործող շատրվանների վերագործարկման ծրագրի շրջանակում, «ՎՏԲ-Հայաստան» բանկի աջակցությամբ վերագործարկվել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվանը: Ամբողջությամբ փոխվել են եզրաքարերն ու խողովակաշարերը: Երեկոյան ժամերին շատրվանը երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հաճելիորեն զարմացնելու է գեղարվեստական լուսավորության հետաքրքիր լուծումներով: Մաքուր եւ խնամված հանգստի անկյունը լիարժեք իր նպատակին ծառայեցնելու համար կատարվել են նաեւ կանաչ գոտիների մշակման, ծառերի բուժման եւ կրապատման աշխատանքներ, անցկացվել է գիշերային լուսավորություն: Առաջիկայում կտեղադրվեն նաեւ նոր նստարաններ ու աղբամաններ:
Շատրվանի վերագործարկմանը մասնակցել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքապետի հանձնարարականի շրջանակում շարունակվելու են Գլխավոր պողոտայի արտաքին տեսքի ձեւավորման եւ ամբողջացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Զուգահեռաբար կշարունակվեն նաեւ վարչական շրջաններում շատրվանների վերագործարկման, ինչպես նաեւ նոր ջրային ավազանների ստեղծան աշխատանքները` դրանց իրականացմանը ներգրավելով նաեւ մասնավոր ներդրողների:
Նոր ջրային ավազանների ստեղծման շրջանակում Երեւանի քաղաքապետարանի շենքին հարակից Ռուսաստանի հրապարակում գործարկվել է նաեւ նորաստեղծ ջրային ավազանը:



























