ՄԻՊ գրասենյակը զբաղված է էժանագին շահարկումներով: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Գլխավոր դատախազությունն` անդրադառնալով ՄԻՊ-ի հայտարարության, ըստ որի դատախազությունը խախտել է ՄԻՊ-ի գրասենյակում հուսահատության արդյունքում պերեօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը:

Այս առնչությամբ, դատախազության արդեն երկրորդ պատասխանում նշվում է.

«1999-2000թթ. նյութերով տրված բացատրություններում համընկնում է քաղաքացի Անահիտ Վարդանյանի տնակը քաղաքացի Պ. Ղումաշյանի կողմից  փոխհամաձայնությամբ եւ փոխհատուցմամբ տանելու հանգամանքը,

2004թ. -ըստ Ա. Վարդանյանի` տեւական բացակայությունից հետո  վերջինս հայտնաբերում է տնակի անհետացումը,

2006թ.-Ա. Վարդանյանը երկու տարի անց դիմում է ոստիկանություն: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, ուսումնասիրության արդյունքնում մերժվում է քրեական գործի հարուցումը, քանզի արարքում բացակայում է հանցակազմի առկայությունը, ինչպես նաեւ կողմերի միջեւ վեճը կրում է  քաղաքացիաիրավական բնույթ եւ ենթակա է դատական կարգով լուծման, ինչը եւ փաստվում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից Ա. Վարդանյանի հայցը վարույթ ընդունելով:

ՄԻՊ գրասենյակը պետք է տեղյակ լինի, որ քաղաքացիաիրավական բնույթի գործերով քրեական գործ հարուցելով` ոտնահարվում է քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները, որոնց պաշտպանությանն է նաեւ կոչված ՄԻՊ ինստիտուտը: Այդ իմաստով անհասկանալի է այն դրսեւորվող համառությունը, թե ինչու քաղաքացիաիրավական բնույթ կրող այս վեճով չի հարուցվել քրեական գործ:

ՀՀ դատախազությունը, իրականացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, իր գործունեությամբ ուղղակիորեն եւ անուղղակի պաշտպանում է քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները, այդ թվում նաեւ` անհիմն քրեական գործերի հարուցումը մերժելու որոշումներով:

2007-2008թթ. -Շիրակի մարզի առաջին ատյանի եւ ՀՀ քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանի վճռով եւ որոշումով հիմնավորվում է, որ Ա. Վարդանյանի համաձայնությամբ վերջինիս դուստր Ռ. Վարդանյանը համապատասխան գումարի`  120 ԱՄՆ դոլարի դիմաց տնակը հանձնել է Պ. Ղումաշյանին: Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Տարօրինակ է , որ 2008թ.  օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքը ՄԻՊ գրասենյակի համար չունի որեւէ նշանակություն, եւ վերջինս շարունակում է վիճարկել թե գործի քաղաքացիաիրավական բնույթը, թե գումարի փոխհատուցման հավաստիության հանգամանքը:

2011թ. մահանում է Պ. Ղումաշյանը:

2011թ. դեկտեմբեր- սոցիալական նպաստ ստանալու իրավունքից զրկվելու արդյունքում Ա. Վարդանյանը ՄԻՊ գրասենյակում ինքնասպանության փորձ է կատարում` խմելով պերօքսիդի լուծույթ:

2012թ.հուլիս - ՄԻՊ գրասենյակը հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ`առանց տարեթվերը եւ գործի հանգամանքները նշելու Ա. Վարդանյանի ինքնասպանության փորձը ուղղակի վերագրում է ՀՀ դատախազությանը, վերջինիս կողմից քաղաքացու իրավունքների խախտմանը:

 Մինչդեռ իրադարձությունների ժամանակագրությունը , որի մասին լռել է ՄԻՊ գրասենյակը, ակնհայտ ցույց է տալիս, որ քաղաքացի Ա. Վարդանյանի ինքնասպանության փորձը տեղի է ունեցել բոլորովին այլ պատճառով եւ որեւէ կապ չունի 2006թ. Ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ:

Սույն հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության  ՄԻ Պաշտպանին ուղարկված 02.04.12 եւ 22.05.12թթ. գրավոր  պատասխաններից եւ 25.07.2012թ. հրապարակային հաղորդագրությունից հետո, ՄԻՊ գրասենյակի կողմից կրկին հաղորդագրությամբ հանդես գալու եւ կրկին նույն հարցադրումները հնչեցնելու վերաբերյալ ընդամենը խորհուրդ ենք տալիս դիմել իրավաբանական խորհրդատվության եւ չենք պատրաստվում այսուհետ հանրության ուշադրությունը զբաղեցնել` այս կարգի հաղորդագրություններին պատասխանելով»:

Մինչ այդ, այս խնդրի վերաբերյալ ՄԻՊ-ի արձագանքը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ: