Երեւանում 2011թ օգոստոսից 2012թ հունիսի ընթացքում տարբեր հարցերով «Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն» է դիմել 1580 քաղաքացի: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի» ղեկավար Մարատ Ատովմյանը:
Նրա տեղեկացմամբ՝ 176 դիմումներ կոռուպցիոն ռիսկ են պարունակել, 42-ի դեպքում հաջողությամբ պաշտպանել են քաղաքացիների շահերը, 31 գործ ուղարկվել է դատարան, 211 գործ ուղարկվել է այլ իրավապահ մարմինների, կազմակերպությունը հանդես է եկել 19 առաջարկություններով: Մարատ Ատովմյանի խոսքով՝ մարդկանց բողոքները ամենաշատը կապված են Երեւանի քաղաքապետարանի, Կադաստրի, սոցիալական ապահովության մարմինների, ոստիկանություն, այդ թվում՝ անձնագրային եւ վիազաների վարչություն, նախաքննական մարմինների հետ; Գրեթե բողոքներ չեն ստանում ուսումնական եւ բժշկական հաստատությունների հետ կապված ահազանագեր:
Իսկ քաղաքացիները դիմում են ամենատարբեր բողոքներով, ամենաշատը, երբ, օրինակ, ստանում են անհասկանալի մերժումներ, կամ օրենքով նախատեսված ժամկետը վաղուց անցել է, բայց քաղաքացին որեւէ պատասխան չի ստացել, պաշտոնյայի կողմից վատ վերաբերմունքի է արժանացել եւ այլն:
Անդրադառնալով տարբեր պաշտոնյաների ձերբակալություններին՝ նա նշեց, որ դա կարող է ունենալ զսպիչ հատկություն մյուս պաշտոնյաների համար: «Չէի ասի, թե իշխանությունները բավարար չափով են պայքարում կոռուպցիայի դեմ, բայց ասել, որ բան չի արվում, նույնպես չենք կարող, այլ բան է, թե դրանք որքանով են համապատասխանում մեր ակնկալիքներին»,- ասաց Մարատ Ատովմյանը:



























