Այսօր` հուլիսի 28-ը PR-ի եւ PR-ի մասնագետների օրն է: NEWS.am-ին «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնից»  հայտնեցին, որ այս տարի «աPRես»  PR  մրցանակաբաշխությունը չի կայանա` կապված «Բրենդ Այգի» նախագծի իրականացման աշխատանքների հետ:

Այս տարվա «աPRես» PR մրցանակաբաշխության պատվավոր անվանակարգեր էին սահմանված մի շարք նախաձեռնությունների համար: Ամփոփելով անցնող PR տարին (2011 հուլիսի 28 - 2012 հուլիսի 28)` կենտրոնը ներկայացրել է 10 ամենատպավորիչ եւ լայն արձագանք ստացած PR նախաձեռնությունները:

Այսպես, ըստ «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի»`  «Ես գիտեմ»  իրազեկման արշավը լավագույն տեղեկատվական արշավն էր: Թատերագիր Վահրամ Սահակյանը կազմակերպած «արյունոտ կիրակին» ցույց տվեց, թե որքան արագ կարելի է տարածել սկանդալային բնույթի ինֆորմացիան (Սկանդալային PR): Իրենց հաղթանակը տոնեցին Մաշտոցի պուրակի համար պայքարող բնապահպաններն ու բազմաթիվ քաղաքացիներ (Լավագույն բնապահպանական ակցիա): PanARMENIAN.Net-ի կողմից ֆեյսբուքում տեղադրված Արցախի խորհրդանիշ «Տատն ու պապը» արձանի յուրօրինակ նկարը արագորեն գրավեց շատերի ուշադրությունը` արժանանալով 3000-ից ավել «Like»-երի (Ազգային խորհրդանիշի ամենայուրօրինակ ներկայացում): Սիրահարների այգում, մայիսի 31-ին՝ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը, տեղի է ունեցել  բացօթյա ծխից ազատ գոտու բացման միջոցառումը (Լավագույն առողջապահական նախաձեռնություն): Անսպասելիորեն կենդանացել է կինո Մոսկվայի սարդը` դառնալով օրվա հերոս: Այս «վիրուսային» տեսահոլովակը կարճ ժամանակում ապահովել էդիտումների մեծ թիվ youtube-ում (Լավագույն «վիրուսային» տեսահոլովակ):

Մյուս իրադարձությունը` հունիսի 17-ին նորաձեւության գնացքը ժամանել է կայարան,  տեղի է ունեցել դիզայներ Արամ Նիկոլյանի «Երեւան» հավաքածուի ցուցադրությունը հենց երկաթուղային կայարանում (Նորաձեւության ինքնատիպ մատուցում): Երեւանի քաղաքապետարանի եւ «Ժպտա Երեւան» ծրագրի համատեղ նախաձեռնությամբ Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի խճանկար-պաննոն, բացվել է Մոսկովյան 36 հասցեում (Հայ արվեստի լավագույն մատուցում): Լույս աշխարհ է եկել «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը, որում մեկ ընտանիքի պատմությամբ ներկայացվում է ողջ հայ ժողովրդի եւ ցեղասպանության ազդեցության թեման (Դրական հասարակական կարծիք ձեւավորող լավագույն ֆիլմ): Երեւանում` ԵՃՇՊՀ-ի ետնաբակերից մեկում, անակնկալ կերպով հայտնվել է հայ երիտասարդների կողմից արված 3D նկարը: Նկարը արժանացել էբազմաթիվ դրական գնահատականների ու խոսքերի (Լավագույն քաղաքային անակնկալ):

Նրանց կարծիքով` նշված բոլոր նախաձեռնությունները այս կամ այն կերպ առնչվում են հայ իրականության մեջ հասարակական կարծիքի ձեւավորմանը եւ իրենց կարեւոր նշանակությունն ունեն Հայաստանում PR-ի կայացման գործում: