Միսը սառնարանից չվաճառելը սննդի անվտանգության կանոնների խախտում է: Այդ մասին այսօր` հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
Սակայն, նրա խոսքով, մսի շուկայի վերահսկողությունը, ստուգայցերն ու տուգանքների կիրառումը արդյունք չեն տալիս: Մսավաճառները խոստովանում են, որ միսը սառնարանից վաճառելու դեպքում վնասներ են կրում, քանի որ հաճախորդները ցանկանում են ձեռք բերել ոչ սառնարանային միսը (միսը շուռումուռ տալու սովորույթ կա): Ըստ Բ. Պիպոյանի` եթե այս առումով խիստ քայլեր ձեռնարկվեն (տաղավարները փակվեն), ապա հետեւանքներն ավելի վատ կլինեն` միսը կսկսեն վաճառել փողոցներում կամ բակերում: Սովորաբար` մսի տաղավարները ստուգման ու տուգանքի ենթարկվելուց հետո վերաբացվում ու շարունակում են խախտել սննդի անվտամգության կանոնները:
Բոլոր դեպքերում` Բ. Պիպոյանը խորհուրդ տվեց քաղաքացիներին` մոտ չգնալ այն վաճառակետին, որտեղ մսավաճառը կանգնած է սիգարետը բերանում (սովորաբար` նաեւ չսափրված):


























