Հայաստանի կուսակցությունները պատրաստվում են ակտիվորեն մասնակցել սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին եւ թեկնածուներ առաջադրել մի շարք համայնքներում:

Այսպես, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ  Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ-ն լուրջ մասնակցություն կունենա ՏԻՄ ընտրություններին եւ թեկնածուներ կառաջադրի գրեթե բոլոր համայնքներում: «Մինչեւ սեպտեմբեր ժամանակ կա, քննարկման փուլում է, երբ այն ավարտվի, կուսակցությունը կներկայացնի թեկնածուների անունները, կարծում եմ խոշոր համայնքների հետ կապված կուսակցության ղեկավար մարմինը կարծիք կարտահայտի»,- նշեց նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ նշեց, որ ոչ բոլոր, բայց մի շարք համայնքներում, որտեղ ունեն հեղինակություն ունեցող, կուսակցության վստահությունը վայելող, փոփոխություններ իրականացնելու կարողություն ունեցող, պարտականություններ կատարելու եւ պօատասխանատվություն կրելու բեռը վերցնելու պատրաստ մարդիկ, կառաջադրեն թեկնածուներ: Ի դեպ, ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ Գյումրիում քաղաքապետի ընտրություններում կառաջադրի պատգամավոր Սամվել Բալասանյանի, իսկ Վանաձորում`Լոռիի ԲՀԿ-ական փոխմարզպետ Էդիկ Կարախանյանի թեկնածությունը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը եւս մտադիր է մասնակցել ՏԻՄ ընտրություններին եւ առաջադրել թեկնածուներ: Առաջիկա օրերին նրանք կհայտարարեն, թե որ համայնքում ինչ թեկնածու են առաջադրելու, ըստ որում` նրանք, ինչպես մյուս ուժերը,  թեկնածուներ կառաջադրեն ոչ բոլոր համայնքներում:

ՀՅԴ-ն եւս առաջադրելու է թեկնածուներ ՏԻՄ ընտրություններին: ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այժմ մարզային կոմիտեների հետ քննարկում են այն հավանական համայնքները, որտեղ կարող ենք ավագանի եւ համայնքի ղեկավար առաջադրել եւ պաշտպանել:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման  Մուսինյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կլինեն համայնքներ, որտեղ անպայման կառաջադրեն իրենց թեկնածուներին: Այդ մասին քննարկումները դեռ չեն ավարտվել, եւ անփոփվելուն պես տեղյակ կպահեն:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մի շարք համայնքներում իրենք կառաջադրեն թեկնածուներ, այժմ ընթանում են քննարկումներ, թե որ համայնքում ում թեկնածությունը կառաջադրեն: Նրանք արդեն թեկնածու են առաջադրել Թալինում օգոստոսի 5-ին կայանալիք ավագանու անդամի ընտրություններին:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւս որոշ համայնքներում կունենա թեկնածուներ, սակայն կոնկրետ անուններ չեն կարող ասել, քանի որ քննարկումների փուլում է: «Իսկ այն համայնքներում, որտեղ սեփական թեկնածու չենք ունենա, կպաշտպանենք ընդդիմադիր թեկնածուներին»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը` հավելելով, որ միտված չեն համայնքային ընտրությունները  քաղաքականացնելու:

Նշենք, որ սեպտեմբերին Հայաստանի մի շարք համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: