Գյումրիի քաղաքապետի ընտրությունը կարծես թե դառնում է Իջեւան-2: Իջեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ էլ ՀՀԿ-ն հրաժարվեց պաշտպանել իր թեկնածուին, ինչի արդյունքում քաղաքապետ ընտրվեց ԲՀԿ-ի ներկայացրած թեկնածուն: Ընդ որում՝ այդ ընտրության ժամանակ ԲՀԿ թեկնածուին էին սատարում քաղաքական ընդդիմության գրեթե բոլոր սեգմենտները՝ Կոնգրես, «Ժառանգություն», ՀՅԴ: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

«Իջեւանի օրինակից ոգեւորվածները Գյումրիի օրինակով տեսնում են, թե իրականում ինչ է նշանակում ԲՀԿ-ի հաղթանակ եւ թե ինչպես է իրականում կայանում այդ հաղթանակը:
Բայց «Բարգավաճ Հայաստանի» շոգեքարշին լծված քաղաքական ընդդիմությունը համառորեն փորձում էր չնկատել այդ ահազանգերը: Ներկայումս, Գյումրիի օրինակով, ամեն ինչ այնքան նկատելի է, որ դժվար է պատկերացնել, թե այս անգամ ինչպես պետք է չնկատվի այդ ամենը: Սակայն Իջեւան-2-ի «իմաստը» շատ ավելի հետաքրքրական է այն առումով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առկայությունն ու պոտենցիալը Սերժ Սարգսյանը շատ ավելի արդյունավետ է օգտագործում հասարակական շահերի տեսանկյունից, քան Հայ ազգային կոնգրեսը, որպես ընդդիմություն՝ «Բարգավաճ Հայաստանին» ուղղված առաջարկներն ու ԲՀԿ-ի հանդեպ իր մոտեցումները ներկայացնելով որպես իր լուրջ քաղաքական հաշվարկի արդյունք եւ հաջողություն: Բանն այն է, որ օրինակ ԲՀԿ-ի միջոցով Սերժ Սարգսյանը լուծում է Գյումրին Վարդան Ղուկասյանից ազատելու հարցը, մինչդեռ Հայ ազգային կոնգրեսը ԲՀԿ-ի միջոցով հասարակության համար ոչ մի հարց չի լուծել մինչեւ այժմ: Նույնիսկ Հարսնաքարի դեպքի վերաբերյալ արտահերթ նիստի եւ ժամանակավոր հանձնաժողովի հարցը Կոնգրեսը չկարողացավ «Բարգավաճ Հայաստանի» միջոցով լուծել: Ահա այս իմաստով, Իջեւանի եւ Իջեւան-2-ի շարունակականությունը ակնհայտորեն ի ցույց է դնում այն խոշոր խաղը, որ իշխանական երկու ուժերը՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն խաղացին՝ Հայ ազգային կոնգրեսին փաստացի հանելով քաղաքական խաղից եւ թողնելով խաղից դուրս: Եվ այդ իմաստով, Գյումրին կամ Իջեւան-2-ը դառնում են նախագահական ընտրության յուրօրինակ մոդելավորման դրսեւորում, իհարկե՛, անկասկած ոչ հարյուր տոկոս ճշգրտությամբ: Պարզապես արդեն պարզ է դառնում, որ խաղը վարելու են «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՀԿ-ն, իսկ քաղաքական ընդդիմություն ասվածը մնացել է այդ խաղից լրիվ դուրս. կամ պետք է նստի պահեստայինների նստարանին ու սպասի, կամ առաջարկի լրիվ նոր խաղ, եթե, իհարկե, ունի դրա պոտենցիալը:

Գյումրիի պարագայում ակնհայտ է, որ հանրապետության երկրորդ քաղաքում քաղաքական ընդդիմության պոտենցիալը զրո է: Ընդ որում՝ ոչ միայն Կոնգրեսի, այլ բոլոր մյուս ընդդիմադիր ուժերի պարագայում: Եվ այս իմաստով Գյումրիի խաղով ոչ միայն Վարդան Ղուկասյանն է հեռացվում, այլ հեռացվում է նաեւ ընդդիմությունը»,- գրում է «Ժամանակը»: