Ինչ-որ մեկը Արթուր Հարությունյանի («Պալաչ») անունից հայտարարություն է տարածել, որում նա ներողություն է խնդրում իր քավոր Գագիկ Ծառուկյանից` նրա հասցեին արված իր խոսքերի համար: King Delux ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միանշանակ համոզված է, որ այդ հայտարարությունը Արթուր Հարությունյանը չի գրել եւ տարածել եւ ինքը կապ չունի դրա հետ:
Նա այդ նամակի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, եւ Արթուր Դալլաքյանի խոսքով, եթե իրականում նման բան լիներ, ինքն առաջինը տեղյակ կլիներ: «Եթե ինքը լիներ, ինքը կհայտարարել, ոչ թե անհասցե որեւէ մի տեղից հայտարարություն կտարածեր»,- նշեց նա: Այդ հայտարարության տարածումից հետո նա չի խոսել Արթուր Հարությունյանի հետ, ասում է` մեկ շաբաթից նա կվերադառնա Իտալիայից եւ ամեն ինչ ավելի պարզ կլինի:
Արթուր Դալլաքյանը չնշեց, թե ովքեր կարող են նման նամակ տարածել Արթուր Հարությունյանի անունից, սակայն մեկ բան պարզ է: Նրա անունից նման հայտարարության տարածումը տնօրենը պատահական չի համարում, առավել եւս` երբ դրանք հաջորդեցին վերջին իրադարձություններին:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը («Պալաչ») հայտարարություն էր տարածել, որում ներողություն է խնդրում Գագիկ Ծառուկյանի հասցեին արված իր խոսքերի համար:
Հայտարարությունում ասվում է.
«Ես ցավում եւ ափսոսում եմ, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձեւակերպումներ եւ արտահայտություններ: Գուցե, դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք`միտումնավորության: Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության եւ մեր ժողովրդի համար, ու նաեւ նրա բարեգործական գործունեությունը:Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին. մի շահարկեք այդ թեման: Հարցը խնդրում եմ համարել փակված:
Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ. Ծառուկյանին եւ կխնդրեմ նրան` արժանապատիվ լուծումներ գտնել: Մի բան կարող եմ հստակ ասել. Ես թույլ չեմ տա երրորդ կողմին` օգուտներ քաղել ծագած խնդիրներից»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ King Delux ընկերության Աբովյան - Երեւան եւ Չարենցավան - Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող մոտ 40 ավտոբուսի վարորդներ հուլիսի 11-ին գործադուլ էին հայտարարել եւ նշել, որ դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը անվճար ավտոբուսներ է մտցրել Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան գիծ, որոնք, վարորդների պատմելով, ոչ թե բարեգործություն են անում, այլ պարզապես աշխատում են իրենց դեմ: Վարորդները պնդում են, որ եթե դա բարեգործություն լիներ, այդ ավտոբուսները կաշխատեին մեկ գծում, այլ Աբովյան-Երեւան մի շարք այլ երթուղիներում:
Նշենք, որ 259 եւ 275 համար երթուղիների գծի տերը Արթուր Հարությունյանն է (Պալաչ)` Գագիկ Ծառուկյանի սանիկը, ով վերջերս ՀՀԿ-անդամ է դարձել, եւ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` վերջերս սրվել են քավոր-սանիկ հարաբերությունները:



























