Մեկ «քառակուսու» արժեքի շարժը դիտարկվելիս` 2011ի մայիսից այս մայիս ընկած ժամանակահատվածում, ակներեւ է մայրաքաղաք Երեւանի տարբեր շրջաններում գների հավասարեցում: 12 ամսվա ընթացքում Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում 1 քմ-ի արժեքը նվազել է 31,9 հազ. (7,2%) եւ 3,4 հազ. դրամով (1,0%):
Սակայն կենտրոնը նախկինի պես ձգում է հարուստ գնորդներին: Դա էլ կանխորոշում է կենտրոնի եւ ծայրամասերի գների զգալի տարբերությունը:
Դրա հետ մեկտեղ թանկացել են 6 վարչական շրջանների անշարժ գույքի գները` 0,7%-ից 1,8%, կամ 1,8 հազ. մինչեւ 4,2 հազ. դրամ 1 քմ-ի դիմաց: Աջափնյակում եւ Նուբարաշենում գները նվազել են 0,3%-ով (0,7 հազ. դրամով) եւ 4,6%-ով (6,8 հազ. դրամով):
Կարելի է եզրակացնել որ այդ գործընթացը բացասաբար է անդրադարձել պակաս ունեւոր գնորդների վրա: Կենտրոնում եւ Արաբկիրում գտնվող բնակարանները նրանց առայժմ հասանելի չեն, մյուս կողմից էլ ծայրամասերում գները թանկացել են:
Ավելացնենք, որ 12 ամսվա ընթացքում անշարժ գույքի գործարքների ծավալը նվազել է 18.1%-ով: Դա վկայում է բնակարանների շուկայի լճացման մասին:
Իրավիճակը կարելի է բնութագրել հետեւյալ կերպ` թեեւ գնորդները պակասել են, սակայն եղածների գնողունակության ցածր մակարդակը բերել է ծայրամասային բնակարանների պահանջարկի աճին: Այդ պատճառով էլ անշարժ գույքի ընկերությունները նվազեցրել են գները կենտրոնում եւ ավելացրել` ծայրամասերում:

Եթե միջին մակերեսի բնակարանի չափն ընդունենք 63.1 քմ, ապա այդ տարվա մայիսին դրա միջին գինը Երեւանում կազմել է 16,1 մլն. դրամ, կամ 40 հազ ԱՄՆ դոլար: Անցյալ տարվա մայիսի համեմատ միջին գինը նվազել է 3.5 հազար դոլար: Դրանից 3.1 հազարը բաժին է ընկնում փոխարժեքի տատանմանը` դոլարի փոխարժեքի աճին 7,8%-ով` դրամի համեմատ:
Այսպիսով՝ շահում են դոլար ունեցողները: Դրամով վճարողների համար տնտեսումը մեկ տոկոսից էլ քիչ է կազմում:
Կենտրոնում միջին գինը մայիսին կազմել է 26,0 մլն դրամ, կամ $65 հազար: Այստեղ բնակարանը էժանացել է $5,1 հազարով:
Դոլարով վճարողները շահել են նաեւ մեկ ծայրամասային բնակարանների հարցում. թեեւ դրամային արտահայտությամբ 6 վարչական շրջաններում բնակարանների գներն աճել են, սակայն դոլարային արտահայտությամբ` նվազել, դոլարի արագ աճի պատճառով: Պատկերը` հետեւյալ աղյուսակում:

Ալբերտ Խաչատրյան


























