«Հրապարակն» իր խմբագրականում գրում է. «Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը խիստ հուզվել էր, երբ «Հրապարակն» իր ընտանիքի անդամներից մեկի մասին ոչ այնքան հաճելի հոդված էր գրել: Իմ արձագանքը միանշանակ էր. թող ձեր ընտանիքի անդամներն իրենց նորմալ պահեն, որ «չընկնեն մամուլի բերանը»:

Անշուշտ, հիմա 37 թիվը չէ, որ որդին հոր համար պատասխան տա, կինը՝ ամուսնու, բայց մենք պատասխանատու ենք այն անձանց համար, որոնց ծնել-սնել-դաստիարակել ենք: Անգամ թիկնապահների ու ենթակաների համար ենք պատասխանատու, ու թեեւ զուտ քրեաիրավական տեսանկյունից Ռուբեն Հայրապետյանը պատասխանատվություն չի կարող կրել Վահե Ավետյանի մահվան համար, բայց բարոյական պատասխանատվության բեռն ավելի մեծ է:

Մեծ է նաեւ այն առումով, որ մեր ստեղծած ընտանիքներում ու հիմնարկներում մենք ենք պատասխանատու այն մթնոլորտի համար, որը ձեւավորել ենք, այն սկզբունքների համար, որ ամրագրել ենք: Երբ քո ենթակայի կամ կնոջ հետ հայհոյանքով ես խոսում, նրա ցանկացած «զանցանքին» ի պատասխան ձեռք ես բարձրացնում, քո թիկնապահը, վարորդը, տղադ էլ են նույնկերպ վարվում: Նրանց թվում է, թե ճիշտ պահվածքով, «դուխով տղեն» հենց էդպիսին է լինում՝ ամեն պահի «քֆուրն» ու բռունցքը պատրաստ: Սրանք չեն էլ մտածում, որ այն, ինչ ներվում է «շեֆին», չի կարող ներվել ստորադասներին:

Չեն հասկանում, որ «շեֆն» այդ պահվածքի դիմաց այլ կերպ է «վճարում», իսկ դու «տալիք» չունես, ուստի պետք է վճարես քո ազատությամբ, քո հեղինակությամբ, քո կյանքով: Այս վիճակն է նաեւ մյուս բոլոր ոլորտներում. դատավորին պատվեր իջեցնող անձը հետո չի կանգնելու նրա մեջքին: Ընտրակեղծարարին «փուռը» տվող պաշտոնյան չի փրկելու նրան պատժից եւ այլն: Ամեն մեկս պատասխանատու ենք մեր արարքների համար՝ Աստծո եւ հասարակության առաջ: