«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան օգոստոսի  2-ին ժամը  12:00-ին կազմակերպում է ցույց` Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանի (ք. Արտաշատ) առջեւ` Մարիամ Գեւորգյանի գործով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայից:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գեւորգյանին:  Մ.Գեւորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է  2009  թվականի նոյեմբերին,  նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի եւ խոշտանգումների են ենթարկել:  Երեւան վերադառնալուց հետո Գեւորգյանը դիմել է ոստիկանություն,  ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով,  որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ  3  տարվա ազատազրկման: 

Քննիչի որոշմամբ`  Զիրոյանն ազատ է արձակվել`  Հայաստանի Հանրապետության  20-ամյակի կապակցությամբ,  ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:  Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի  113  (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով: