Սյունիքի մարզկենտրոն Կապանում առատ տեղումների հետեւանքով պղտորվել է մարզկենտրոն մատակարարող խմելու ջուրը եւ ապահովության համար անհրաժեշտ է ծորակներից եկող ջուրն օգտագործել միայն եռացված վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից:
Տեսչության մարզային կենտրոնից բնակչությանը զգուշացվել է ջուրը խմել եռացնելուց հետո կամ էլ ժամանակավորապես օգտագործել շշալցված ջուր:
Տեսչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այսօր հետազոտության ժամանակ ջրի աղտոտվածությունը բավականին նվազել է, իրենք վերահսկում են իրավիճակը, աղիքային ինֆեկցիոն դեպքեր դեռեւս չկան:



























