Հարցազրույց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ (ֆոտոռեպորտաժ).
Պրն Դավթյան, Հայաստանի արդյունաբերությունը 2012 թ. առաջին կիսամյակում գրանցել է աննախադեպ` 13% աճ: Ըստ ձեզ` որն է՞ այդ աճի շարժիչ ուժը:
Աճի այդ տեմպն արդեն վերականգնողական աճ չէ, որ բնորոշ է հետճգնաժամային փուլին: Ճգնաժամից հետո երրորդ տարին է` ունենք արդյունաբերության բարձր աճ, թեւակոխել ենք կայուն ու իրական աճի փուլ: Աճն ապահովվում է արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերի հաշվին` մեքենաշինություն, թեթեւ արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն, մետալուրգիա: Ընդ որում` մեքենաշինությունը, թեթեւ արդյունաբերությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի բարձր աճ ունեն, քան հանքարդյունաբերությունը: Կարծում եմ` առաջիկայում աճի տեմպերը կպահպանվեն, քանի որ կապիտալը գնում է դեպի արտադրություն: 90-ականներին կապիտալը գնում էր դեպի առեւտուր, որտեղ ամենաբարձր շահութաբերությունն էր, հետո մեծ հոսքեր եղան դեպի շինարարություն: Ներկայում այդ հոսքերն ուղղվում են դեպի արդյունաբերություն: Գուցե արդյունաբերությունում շահութաբերության մակարդակն ավելի բարձր չէ, քան մյուս ոլորտներում, սակայն ավելի կայուն է ու երկարատեւ:
Իսկ որն է՞ կառավարության դերը:
Մենք պրոակտիվ քաղաքականություն ենք վարում, ինչն էլ աճին նպաստող կարեւոր գործոն է: Պահպանելով ազատականության սկզբունքները` ճգնաժամի ընթացքում եւ հետո ակտիվորեն խթանում ենք տնտեսությունը: Կիրառում ենք մի շարք գործիքներ` հարկային ու մաքսային հատուկ ռեժիմներ, անմիջական ֆինանսական աջակցություն` վարկավորում, կապիտալին մասնակցություն (երբ հնարավորություն ենք տալիս ձեռնարկությանը աճել ու զարգանալ, որից հետո դուրս ենք գալիս կանոնադրական կապիտալից): Կան այլ խթանիչ միջոցառումներ` դրսում ներկայանալու, ներդրողներին ներգրավելու առումով, ազատ տնտեսական գոտիների ձեւավորում: Մոտ տասնյակ գործիքներ ունենք իրական հատվածը խթանելու համար: Մենք հիմա մտել ենք արդյունաբերական ռազմավարության (որը հաստատվեց անցյալ տարվա դեկտեմբերին) իրականացման ակտիվ փուլ: Գիտեք` ընտրել ենք մոտ մեկ տասնյակ գերակա ուղղություններ, ու մի քանի ուղղություններով արդեն ակտիվ քայլեր ենք իրականացնում` դեղագործություն, կոնյակագործություն եւ գինեգործություն, ճշգրիտ մեքենաշինություն: Աշխատում ենք թեթեւ արդյունաբերության ուղղությամբ, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների մասով միշտ էլ աշխատել ենք: Դա նշանակում է` տվյալ ոլորտի համար մշակում ենք կոնկրետ ռազմավարություն եւ կոնկրետ միջոցառումների ծրագիր:
Բայց կարծես թե երկար փողերի խնդիրը արդյունաբերությունում դեռեւս սուր է: Կոնկրետ` ի՞նչ ծավալների աջակցություն է իրականացրել կառավարությունը:
Միայն ռուսական վարկից 126 մլրդ դրամ ուղղվեց իրական հատվածին: Դա արեցինք տարբեր ձեւաչափերով` բանկային համակարգի միջոցով, անմիջական վարկավորում: Ներդրում ենք արել Ունիվերսալ վարկային կազմակերպությունում, որն ունի 6 մլրդ դրամի վարկային ռեսուրս: Այն ակտիվ վարկավորում է իրականացնում` ավելի լավ պայմաններով, քան առեւտրային բանկերը: 11-12%-ով դրամային վարկավորում է կատարվում, ու շատ ուղղորդված, նայում ենք ոչ միայն վերադարձելիությունը, այլեւ ներդրումային ծրագրի բովանդակությունը:
2013 թ. պետական բյուջեով 300 մլն դրամ ենք նախատեսել` աջակցության տարբեր ծրագրեր իրականացմնելու համար: Սա նվեր չենք տալու, կուղղենք այն ծրագրերին, որտեղ նաեւ մասնավորն է պատրաստ ներդրումներ անել: Այն երկիրը, որ իրական հատվածը զարգացնելու ջանքեր չի գործադրում, ապագա չունի: Մենք չենք կարող լինել մի երկիր, որ հիմնված է միայն ծառայությունների` ապահովագրության, ֆինանսական համակարգի վրա: Պետք է պրոդուկտ արտադրենք, եւ դուրս գանք շուկա:
Ի՞նչ չափով դրան կնպաստի ԱՊՀ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումը:
ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման գործընթացն ավարտվում է: Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն վավերացրել են պայմանագիրը, Հայաստանը դա կանի հավանաբար սեպտեմբերին` երբ ՀՀ Ազգային Ժողովը կվերսկսի իր աշխատանքները: Դա նշանակում է, որ զրոյական մաքսատուրքով մուտք կունենանք այդ շուկա: Երկկողմ համաձայնագրեր մենք արդեն ունեինք, սակայն այս համաձայնագրով ստեղծվում է միասնական համակարգ: Մենք շատ շուտով արդեն կմտնենք այդ ռեժիմի մեջ` դրա համար բավարար է մի քանի երկրների վավերացումը:
Շատերը փորձում են ԱՊՀ ազատ առեւտրի գոտին հակադրել Եվրամիության հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրին: Իրո՞ք կարող են լինել հակասություններ:
Որեւէ հակասություն չկա, ուղղակի ազատ առեւտրի հետ կապված ԱՊՀ-ի հետ մի քայլ առաջ ենք, իսկ Եվրոպայի հետ նոր ենք սկսել, ու հույս ունեմ` առաջիկա մի քանի տարում կավարտենք: Դրա շնորհիվ կունենանք ազատ առեւտուր եւ ԱՊՀ շրջանակներում, եւ ԵՄ-ի հետ: Դա մեր երկու հիմնական շուկաներն են. մեր արտաքին առեւտրաշրջանառության 80%-ը բաժին է ընկնում ԵՄ-ին ու ԱՊՀ-ին: Ըստ էության` երկու միությունների հետ էլ ազատ առեւտուրը լինելու է խոր եւ համապարփակ, քանի որ ենթադրում է ոչ միայն զրոյական մաքսատուրքեր, այլեւ որակի վերահսկողության համակարգերի հարմոնիզացիա: ԱՊՀ-ի հետ արդեն դա ունենք, իսկ Եվրոպայի հետ դեռ ճանապարհ ունենք անցնելու:
Շատ է խոսվում ԵվրԱզԷս-ին (Եվրասիական մաքսային միություն) անդամագրվելու հեռանկարների մասին:
Օրակարգում ոչ ԵՄ-ին, ոչ էլ ԵվրԱզԷս-ին անդամագրվելու հարց չկա: Դրանք ինտեգրման այլ աստիճան են, այլ հարթություն: Ազատ առեւտրի գոտիների ստեղծումը չի կարելի քննարկել այդ հարթությունում: Այդ պատճառով` ինտեգրման այն գործընթացները, որ ընտրել ենք ԵՄ-ի կամ ԱՊՀ-ի հետ, միմյանց հակադրելը սխալ է:
Հայաստանն առաջատար է ԱՊՀ շրջանակներում արդյունաբերական աճի ցուցանիշով: Ըստ ձեզ` փոխարժեքն այստեղ որեւէ դեր ունի՞:
Փոխարժեքի փոփոխությունը մի քանի ամիս է, ինչ տեղի է ունեցել, որպես կանոն` դա այդպես շուտ չի ազդում: Ես կասեի` փոխարժեքի ճշգրտում տեղի ունեցավ, որն ըստ էության խթանող է արտահանման համար: Մեր արդյունաբերական բարձր աճը համալիր ջանքերի արդյունք է` պետության, մասնավորի ակտիվության: Բիզնեսը ճիշտ կողմնորոշվեց, հասկացավ, որ շինարարության մեջ չէ հեռանկարը ու կապիտալն ուղղորդեց դեպի արդյունաբերություն: Եթե անկեղծ լինենք` նաեւ մեր տնտեսական բազան բարձր չէր, իսկ ցածր բազայի վրա աճելն ավելի դյուրին է, քան բարձրի: Բայց մեզ մոտ արդեն երրորդ տարին է` արդյունաբերական աճի տեմպը բարձր է, ու դա արդեն համեմատական առավելություն է տալիս:
Վերջերս Հայաստանում բանավեճ ծագեց այն հարցի շուրջ, թե որքանո՞վ արդարացված է առաջարկի խթանումը, փոխանակ պահանջարկը խթանելու, ինչպես արվում է ճգնաժամերի ընթացքում:
Պահանջարկի խթանումը փոքր շուկաներում միակ գործիքը չպետք է լինի: Մեծ շուկաներում այդ գործիքը կարող է աշխատել, փոքր շուկաներում` ոչ: «Ջեներալ Մոթորսը» աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունն է, սակայն գործնականում միայն ամերիկյան շուկայի վրա է աշխատում: Երբ ԱՄՆ-ում խթանում են պահանջարկը` խթանում են նաեւ «Ջեներալ Մոթորսի» ավտոմոբիլների վաճառքը: Փոքր շուկաներում միշտ չէ, որ այդ կապն աշխատում է: Եթե, օրինակ, աշխատավարձը եռապատկենք, ապա դրանից մեր մետալուրգիայի արտադրանքը չի աճելու: Նույնը ադամանդագործությունը, կամ այլ շուկաներ: Մեր արդյունաբերության համար կարեւորը ոչ թե ներքին շուկան է, այլ համաշխարհային շուկան: Մենք պետք է ունենանք մրցունակ արտադրանք եւ կարողանանք սպառել դրսում. սա է մեր ապագան: Մենք նույնիսկ տարածաշրջանային շուկա չունենք, ինչպես այլ փոքր երկրներ: Դժվարանում եմ նույնիսկ որեւէ այլ երկիր նշել, որ ունի փոքր ներքին շուկա, չունի տարածաշրջանային շուկա, ու լոգիստիկան այսչափ բարդ է: Այս սահմանափակումների պարագայում պահանջարկի աճի խթանումը հիմնական գործիք դիտվել չի կարող:
Զրուցեց` Սամվել Ավագյանը




























