Երեւան-Սեւան մայրուղու չորս հատվածներում հուլիսի 27-ից հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից անցած տասն օրերի ընթացքում անհրաժետ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել 14 դեպքում։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկական վթար է արձանագրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարին-Ավան շրջակայքում եւ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի հենակետից 500 մետր հեռավորության վրա: Երկու դեպքում էլ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժողները տեղափոխվել են հիվանդանոց (առաջինը սալջարդով՝ Սեւանի հիվանդանոց, երկրորդը՝ գանգուղեղային տրավմայով՝ /անձնական տրանսպորտով/ Աբովյանի հիվանդանոց, այնուհետեւ ռեանիմոբիլով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Այս օրերին Երեւան-Սեւան մայրուղում Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի հենակետերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին երեքական ուղեւորներ դիմել են հիպերտոնիկ կրիզի կապակցությամբ։ Համապատասխան բժշկական օգնություն է ցուցաբերվել նաեւ թունավորման, արեւահարության, ալերգիկ վիճակի, միջկողային նեւրալգիայի, հիպերթերմիկ սինդրոմի (1 տարեկան 8 ամսական երեխա) մեկական դեպքերում։
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Երեւան-Սեւան մայրուղում շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 15-ը:




























