Սպիտակում ՀՀԿ-ն պատրաստվում է բակային ճամբար իրականացնել, ինչը ըստ տեղի բնակիչների նախընտրական ակցիաների ժանրից է: Սույն տեղեկությունը ճշտելու համար NEWS.am-ը դիմեց Սպիտակում ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին: Վերջինս հաստատեց տեղեկությունը, որ առաջիկայում մարզային կառույցը բակային ճամբար է իրականացնելու:

Սակայն, ըստ նրա, ծրագիրը քաղաքական ենթատեքստ ունի այնքանով, որ այն իրականացվում է ՀՀԿ մարզային կառույցի կողմից: Ավելին` Սահակյանի խոսքով, ծրագիրը շուրջ 4 տարի է` ինչ իրականացվում է, ինչի արդյունքում անապահով ընտանիքների 250-300 երեխա 3 փուլով մասնակցում է բակային ճամբարին: «Առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան ժամը 18.00-ն մեր կուսակցության երիտասարդական կառույցի երիտասարդները, որպես ջոկատավարներ զբաղվում են երեխաների հետ:Նրանց ուսուցանում են ազգային մշակույթ` երգ, պարի, մեր մեծերի կենսագրությանն են ծանոթացնում: Եվ ազգային ոգով այդ երեխաները 10 օր անցկացնում են այդ բակային ճամբարում: Իսկ այդ համախմբված ընկերական միջավայրը շարունակվում է  նաեւ դպրոցում եւ բակում: Ի՞նչ վատ բան կա իրականացվող աշխատանքի մեջ»,- մանրամասնեց Հովհաննես Սահակյանը: Հարցին, թե կուսակցությունն է հովանավորում իրականացվող աշխատանքը վերջինս ասաց, որ ֆինանսավորումը իրականացվում է  իր եւ իր ընկերների միջոցներով: