Հայաստանի 5 մարզերի 482 համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 10-ին է, սակայն տպավորությունը այնպիսին է, որ կուսակցությունները դեռեւս չեն շտապում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը ասաց, որ ՀՀԿ շրջանային խորհուրդներում եւ տարածքային կառույցներում փուլ առ փուլ քննարկումները շարունակվում են: Հարցին, թե առաջադրումների շուրջ քննարկումների ժամանակ հաշվի առնվում են արդյոք ՀՀԿ-ԲՀԿ հավանական լարվածության ռիսկերը, Սահակյանն ասաց.«Մենք մեր խնդիրը ունենք, մեր գործը ունենք եւ ընտրությունները չենք կապում այս կամ այն քաղաքական ուժի հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու կամ կոնֆլիկտները խորացնելու առումով»:
Վերջինս նաեւ չբացառեց, որ որոշ համայնքներում ՀՀԿ-ն կարող է առաջադրումներ չիրականացնել. «Չեմ բացառում, իհարկե, մեր առաջադրումները ինքնանպատակ չեն: Եթե մոնիթորինգի արդյունքներում պարզենք, որ որեւէ մի համայնքում չունենք բավարար ռեսուրս, որ մեր թեկնածուն ընտրվի, պարզ է, որ չենք առաջադրի միայն առաջադրելու համար»:
Ինչ վերաբերում է նախօրեին կայացած Թալինի քաղաքապետի ընտրություններին, ըստ Հովհաննես Սահակյանի «իհարկե դեռ կան խնդիրներ եւ այդ խնդիրները պետք է վերլուծել եւ հետեւություններ անել: Բայց դա պետք է վերլուծենք, շտկենք բոլորս: Ընդամենը քննադատելով, ասելով չեմ կարծում, որ գործին օգուտ ենք տալու: Պետք է ընդամենը աշխատել` քննադատելը հեշտ է»: Իսկ հարցին, թե Թալինի քաղաքապետի ընտրությունները ինչպես է գնահատում, որպես ՏԻՄ ընտրությունների մեկնարկ, պատգամավորը պատասխանեց. «Մեր երկրում յուրաքանչյուր համայնք ունի իր մենթալիտետը, բնավորությունը, ավանդույթները եւ կարծում եմ, որ մեկ համայնքում տեղի ունեցող իրադարձությունները իմաստ չունի ընդհանրացնել»:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այն համայնքներում, որտեղ կուսակցությունը վերջնական որոշում է կայացրել առաջադրման վերաբերյալ ասել են այդ մասին, իսկ մյուս առաջադրումների վերաբերյալ դեռեւս վերջնական որոշում չունեն, քանի որ քննարկվումները շարունակվում են: «Սակայն առաջադրելու ենք թեկնածուներ միայն այնտեղ, որտեղ թեկնածուները ունակ կլինեն պատասխանատվություն ստանձնել եւ վայելում են համայնքի բնակիչների վստահությունը: Կարեւորը մեզ համար որակն է»,- արձագանքեց Տիգրան Ուրիխանյանը: Հարցին, թե քննարկումների ժամանակ հաշվի առնվում են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հնարավոր լարվածությունը, Ուրիխանյանն ասաց. «Մենք հաշվի ենք առնում մեր գլխավոր գործընկերոջը: Իսկ գլխավոր գործընկերը հասարակությունն է: Որտեղ, որ հանրային աջակցություն կա, այնտեղ կլինի առաջադրում»:
Խոսելով Թալինի քաղաքապետի ընտրությունների մասին, Ուրիխանյանն ասաց. «ԿԸՀ-ն վերջապես պետք է հասկանա, որ երկու րոպե տեւող կնիքներ չի կարելի ապահովել: Թանաքը պետ է փոխել: Ինչը կրկին կրկնվեց Թալինում»: Հարցին, թե ինչ միջոցների են պատրաստվում դիմել, նա ավելացրեց.«Մենք դեռ քննարկումներ պետք է իրականացնեք: Բայց, եթե ոմանք անընդմեջ խոսում են նրա մասին, որ բողոք դեռեւս չկա, դա չի նշանակում, որ ամեն ինչ օրինական է»:
ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ասաց, որ ՀԱԿ-ը որոշում է կայացրել, որ մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, սակայն թե որտեղ կառաջադրի իր թեկնածուներին դեռ չի կարող ասել: Իսկ Գյումրի ՏԻՄ ընտրություններում նշեց, որ քաղաքապետի թեկնածու չի առաջադրի, քանի որ անիմաստ են համարում, սակայն ավագանի թեկնածուների կառաջադրի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում: Նշենք, որ դրանց թվում են նաեւ շուրջ երկու տասնյակ քաղաքային համայնքներ, որոնցում նախատեսված են համայնքի ղեկավարի ընտրություններ: Մասնավորապես` քաղաքապետ են ընտրելու Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Էջմիածնում, Մասիսում, Սիսիանում, Մեղրիում, Կապանում, Քաջարանում:




























