ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատ Մխչյան գյուղի գյուղապետ Աշոտ Իսաջանյանը, ով հերթական անգամ առաջադրել էր իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում, պատրաստվում է ինքնաբացարկ հայտարարել: Նրա տեղակալ Արայիկ Գեւորգյանը եւս հանում է  իր թեկնածությունը: Հարկ է  նկատել, որ երկուսն էլ հանրապետական են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մխչյան գյուղի գյուղապետ Աշոտ Իսաջանյանը, ով 16 տարի է, ինչ ղեկավարում է տվյալ համայնքը:

«Ես եմ առաջադրվել եւ իմ տեղակալը, բայց հիմա հանում ենք»,- տեղեկացրեց գյուղապետը: Արձագանքելով տեղեկություններին, թե  Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է ցանկանում թեկնածությունը առաջադրել, հետեւաբար հնարավոր է այդ հանգամանքն է պատճառ հանդիսացել իր որոշման մեջ, պատասխանեց. «Չեմ կարող ասել»:

Գյուղապետը հրաժարվեց հարցերի պատասխանել` հավաստելով, որ իր հասցեին սպառնալիքներ չեն հնչեցրել:

Մարզի Նորաշեն գյուղում եւս, ըստ շրջանառվող խոսակցությունների, Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է  իր հովանավորյալին համայնքի ղեկավար նշանակել: