Ելնելով հոգեբանական եւ ֆիզիոլոգիական վիճակից` տղամարդկանց համար լավագույն տարիքը 25 տարեկանն է, իսկ կանանց համար` մինչեւ 25 տարեկանը:  Այդ մասին այսօր` օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ  Վրեժ Շահրամանյանը` անդրադառնալով հասարակությունում բուռն քննարկվող ամուսնության տարիքը սահմանող օրենքի նախագծին:

Ըստ Վ. Շահրամանյանի, օրենքի նախագծում որեւէ արտառոց բան չկա, սակայն այն բուռն քննարկման առարկա  է դարձել: «Սա ընդամենը տարիքի հավասարեցում է, որը պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգով: Հակառակ պարագայում դեռ դպրոցական 17 տարեկան աղջիկը պետք է գար դպրոց արդեն իսկ ամուսնացած: Մինչդեռ այս գործընթացում առավել կարեւոր է այդ տարիքում ամուսնացողների հոգեբանական եւ ֆիզիոլոգիական հասունությունը, ինչպես նաեւ սեռական կրթվածությունը»:

Նրա գնահատմամբ, պետք է հիմք նախապատրաստել երիտասարդների սեռահասունության համար: «17 տարեկան աղջիկը սեռահասուն չէ, եւ երիտասարդները մինչեւ 18 տարեկանը գտնվում են դեռ սեռահասունացման փուլում»,- նշեց նա:

Իսկ ժողովրդագիր, փորձագետ Ռուբեն Եգանյանի կարծիքով` այդ թեմայի շուրջ քննարկումները զավեշտալի են: Նրա խոսքով, այն երիտասարդները, ովքեր կցանկանան ամուսնանալ մինչեւ օրենսդրորեն սահմանված տարիքը, կանեն դա, պարզապես կգրանցեն իրենց ամուսնությունն արդեն 18 տարին բոլորելուց հետո:

«Այդ տեսանկյունից անհիմն է մեր եզդի բարեկամների անանգստությունը, քանի որ իրենց ավանդույթների համաձայն, նրանք կարող են շարունակել ամուսնացնել իրենց աղջիկներին  14-15 տարեկանից»:

Հիշեցնենք, որ օրենքի նախագծով Հայաստանում կանանց եւ տղամարդկանց համար նախատեսվում էր սահմանել միեւնույն ամուսնական տարիքը` 18 տարեկան: Հայաստանի արդարադատության նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն էր ներկայացրել Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին համապատասխան օրինագիծ:

Նշենք, որ ներկայում ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկան տարիքի հասնելը:

Արդարադատության նախարարությունն այս առաջարկը պայմանավորում է տղամարդկանց եւ կանանց միջեւ գենդերային անհավասարությունը վերացնելու անհրաժեշտությամբ: