Սեռակրթության պակասը ամուսնական զույգերի մոտ հանգեցնում է անպտղության: Այդ մասին այսօր` օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ  Վրեժ Շահրամանյանը:

Նրա խոսքով, սեռական կրթության տարրական պակասը շատ անգամ հանգեցնում է զավեշտալի, իսկ բժշկության համար ողբերգական դեպքերի: «Սեռական կյանքի տարրական գիտելիքի բացակայությունը շատ անգամ որոշ զույգերի մոտ հանգեցնում է անպտղության: Հանդիպել եմ դեպքերի, երբ ամուսինը նույնիսկ չի իմացել թե որտեղ են գտնվում կնոջ սեռականն օրգանները, եւ ոչ նպատակային է ծառայեցրել դրանք: Առաջին հայացքից դա զավեշտալի է թվում, սակայն մասնագետների համար դա պարզապես ողբերգություն է»,- ասաց Վ. Շահրամանյանը:

Նրա խոսքով,  այս ամենի պատճառը սեռական առողջության, սեռական կյանքի մասին ճշգրիտ եւ մասնագիտական ինֆորմացիայի պակասն է կամ բացակայությունը: «Գաղտնիք չէ, որ դպրոցում սեռակրթության դասաժամեր չկան կամ անտեսված են, տանը սովորաբար նման հարցեր չեն քննարկվում: Արդյունքում մնում է համացանցը՝ իր դրական եւ բացասական կողմերով»,- ասաց  նա, հավելելով, դրան ավելանում է նաեւ այսպես կոչված «փողոցի լեզուն», որը,  ցավոք, հաճախ դառնում է սեռական անատոմիայի նկարագիրը:

Խնդրին լուծում տալու համար, ըստ Վ. Շահրամանյանի, անհրաժեշտ է, որ կառավարությունը նախաձեռնի դպրոցների ավագ դասարաններում սեռակրթությանը վերաբերող դասաժամերի անցկացումը: «Սեռական  առողջությունը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը  հարստացնում է անձի ներաշխարհը եւ նպաստում նրա ինքնառեալիզացիային եւ ընդհանուր առողջության ամրապնդմանը»,- ասաց Վ. Շահրամանյանը, նշելով, որ սեռակրթության բացակայությունը զրկում է մարդկանց դրանից: