NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է  Սանկտ Պետերբուրգում Եվրոպական համալսարանի արդիականացման հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար Դմիտրի Տրավինի`«openDemocracy» կայքում հրապարակված հոդվածը.

Վալդիմիր Պուտինի երդմնակալության պահից 100 օր է անցել: Նա երրորդ անգամ էր զբաղեցնում նախագահական աթոռը, եւ շատերը, հնարավոր է,  մեծ ակնկալիքներ ունեին, սակայն այդ 100 օրերը Կրեմլում կուրսի հստակ փոփոխություն ցույց տվեցին: Հիմա արդեն կան նոր, ավելի կոշտ օրենքներ հանրահավաքների, ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների մասին, որոնք հակասում են քաղաքական ազատականացման գաղափարին, ինչի մասին հայատարել էր Դմիտրի Մեդվեդեւը որպես նախագահ  պաշտոնավարելու վերջին ամիսներին:

Կատարվածի համառոտ վերլուծությունը ցույց է տալիս,  որ իրադարձությունները պուտինյան Ռուսաստանում զարգանում են այնպես, ինչպես Միլոշ Ֆորմանի «Թռչելով կկվի բնի վրայով» ֆիլմում:

Կամավոր  հոսպիտալացում

Պուտինի 12  տարվա կառավարումը (այդ թվում` Մեդվեդեւի նախագահությունը)  բավական ճշգրիտ է արտացոլում  հայտնի ֆիլմի իրադարձությունները:

Պուտինի նախագահության առաջին ժամկետը (2000–2004) մի շրջան էր, երբ Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասի աչքին նոր կառավարությունն ակնհայտ առավելություն ուներ  դժվար  90-ականների համեմատ:

Ռեժիմի առաջին ճգնաժամը վրա հասավ 2004 թ-ին, երբ Խոդորկովսկին ձերբակալվեց: Ռուսաստանում ձեւավորվեց  ոչ մեծ, սակայն եռանդուն ընդդիմադիր խումբ, որը կարծում էր, թե երկիրը  ճիշտ ուղղությամբ չի շարժվում:  Մտավորականությունը տեսավ, որ տնտեսական բարեփոխումները կանգ են առել, որ Ռուսաստանն ամբողջությամբ կախված է նավթի եւ գազի արտասահմանյան վաճառքից, որ Չեչնիայի բռնի ճնշումը  հանգեցրել է արյունալի ահաբեկչությունների, իսկ կոռուպցիան հսկայական չափերի է հասել:

Ինչպե՞ս Պուտինն արձագանքեց դրան: Գրեթե ոչ մի կերպ: Նա համոզված էր մեծամասնության աջակցության հարցում, որը նա իրականում ուներ անգամ այնպիսի ինտելեկտուալ կենտրոններում, ինչպիսին Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգն էին:

Նախագահ Մեդվեդեւի «ապստամբությունը»

Սահմանադրությանը հետեւելու համար` Պուտինն իր պաշտոնը մեկ ժամկետով զիջեց իր թիմակցին` լիովին նրան ենթակա եւ ոչ խարիզմատիկ Մեդվեդեւին: Գաղափարն այն էր, որ նա պետք է չորս տարի նստի նախագահի աթոռին, իսկ հետո տեղը զիջի օրինական տիրոջը: Ինչ-որ իմաստով Պուտինի ծրագիրն իրականացավ:

Մեդվեդեւը խոսում էր արդիկանացման անհրաժեշտության, իրավապահ մարմիններում բարեփոխումների, կոռուպցիայի, արեւմտայն առաջատար երկրների հետ հարաբերությունների վերականգնման մասին: Սակայն նա երբեք չքննադատեց անձամբ Պուտինին եւ չխոսեց իշխանության վերին էշելոններում կոռուպցիայի մասին:

Պուտինի վերադարձը բացասաբար ընդունվեց ոչ միայն  մտավորականության ներկայացուցիչների կողմից, ովքեր Խոդորկովսկու ձերբակալությունից հետո ինքնուրույն էին գործում, այլեւ  նախկինում ռեժիմին հավատարիմ շատերի կողմից եւս:

Պուտինն սկսեց դիմել լուռ մեծամասնությանը, մարդկանց, ովքեր ի վիճակի չեն ձեւակերպել իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարության եւ տնտեսական քաղաքականության մասին իրենց սեփական գաղափարները: Կրեմլը որոշեց աջակցություն փնտրել պրովինցիաներում:

Շոկային թերապիա

Գիտակցելով, որ գոյություն ունի մեծամասնության կողմից աջակցության կորստի վտանգ, Կրեմլը պատրաստվում է ուժ կիրառել ընդդիմության առաջնորդների նկատմամբ:

Խոսքն առայժմ խորհրդային տիպի հետապնդումների մասին չէ, այլ կառավարության կողմից «ֆինանսական շոկային թերապիայի» սեփական մեթոդի օգտագործման պատրաստակամության մասին: Նոր օրենդրությունն այնպիսին է, որ հանրահավքների առաջնորդները կարող են  տուգանվել հսկայական գումարներով:

Ֆինանսական շոկային թերապիան կարող է շատ ծանր լինել ընդդիմության առաջնորդների համար: Այն, ինչ ցանկանում է անել Կրեմլը` բողոքի շարժմանը զրկելն է նրա առաջնորդներից` չստեղծելով նոր քաղաքական բանտարկյալներ, ինչը զգայուն հարց է արեւմտյան հասարակական կարծիքի համար: