Նախագահական նստավայրի մոտ ոստիկանության նախկին գնդապետ Լեւ Ե.-ի նախկին փեսան` Դավիթ Ծաղիկյանը այսօր` օգոստոսի 20-ին հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի, որ նրա աները իրեն զրկել է որդու հետ տեսակցելու հնարավորությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Դավիթ Ծաղիկյանը:
Ծաղիկյանը նախագահից խնդրում է, որ երեխայի հետ շփվելու իրավունքը վերադարձնեն: Վերջինիս մոտեցել է նախագահական նստավայրի նամակների բաժնի պետը, ով Դավիթ Ծաղիկյանի փոխանցմամբ քաջ տեղյակ է եղել պատմությանը, սակայն խնդրել է նորից դիմում գրել:
«Ինչքան իմ առողջությունը կների կշարունակեմ հացադուլս: Ճիշտն ասած, չեմ պատրաստվում մահանալ այստեղ, որովհետեւ պայքարի երկար ճանապարհ ունեմ անցնելու»,- ավելացրեց Դավիթ Ծաղիկյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Դ. Ծաղիկյանի, դատարանն օրենքի կոպիտ խախտումներով, 2008-ին, իրենից խլել է 6-ամյա որդու հետ շփվելու իրավունքը: Պատճառաբանությունն այն է եղել, թե ինքը չէ երեխայի հայրը: Դ. Ծաղիկյանը, ով հիմա պայքարում է իր 6 տարեկան որդուն վերադարձնելու համար, ներկայացրել էր նաեւ իր չկայացած ընտանիքի նախապատմությունը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Դավիթն ամուսնացել է ոստիկանության նախկին գնդապետ Լեւ Ե-ի դստեր` Գայանե Ե-ի հետ: Ամուսնությունից երկու տարի անց արդեն ընտանիքում վեճեր են եղել: Կնոջ հայրը` գնդապետ Լեւ Ե-ն, Ռուսաստանից վերադառնալով, Դավիթին զգուշացրել է, թե երեխային խլելու է նրանից:«Արդեն դատական գործընթացի ժամանակ ասացին, որ իրենք հարուստ են եւ ես իրենց հարստության համար եմ Գայանեի հետ ամուսնացել: Հետո էլ նախկին կնոջս հայրը դատարանում հայտարարեց, թե իր աղջիկը անբարոյական է եւ երեխան ուրիշից է ունեցել, բայց այդ ուրիշը մինչ օրս չի հայտնվել: Ավելին` դատարանում Լեւ Ե-ն հայտարարեց, որ ինքն է քնել իր դստեր հետ ու այդ երեխան իրենն է»,- մանրամասնել էր Դավիթը: Նա պատմեց, որ նշանակվել է նաեւ երեխայի դատագենետիկական փորձաքննություն` Դատաբժշկական փորձաքննության կենտրոնում: «Նրանք փորձեցին ինձ գումար առաջարկել, որ ես հրաժարվեմ այդ փորձաքննությունից, հակառակ դեպքում, ասելով, որ եթե հրաժարվես, մենք փողը կտանք` կկեղծենք: Փորձագիտական կենտրոնում առանց որեւէ փորձանմուշ վերցնելու եզրակացություն վաճառեցին նրանց, որ իբր երեխան ինձնից չէ: Դատարանը հիմք ընդունեց եւ հայցս մերժեց: 4 տարի է` գլխավոր դատախազին ներկայացրել եմ, որ ակնհայտ կեղծ եզրակացություն է տրամադրվել, բայց ոչ մի արձագանք: Բազմաթիվ անգամներ դիմել է նաեւ Արդարադատության նախարարությանը եւ կրկին, ոչ մի դրական լուծում»,- ավելացրել էր Դավիթը, հավելելով, որ բազմաթիվ անգամ միջնորդություններ է ներկայացրել կրկնակի փորձաքննություն անցկացնելու համար, սակայն արդյունք չի ստացել:
NEWS.am-ը զրուցեցել էր նաեւ Դատաբժշկական փորձաքննության կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանի հետ: Վերջինս, թեեւ չհիշեց, թե խոսքն ում մասին է, բայց հավատացրեց, որ առանց փորձանմուշ վերցնելու չէր կարող եզրակացություն տալ: Ավելի ուշ, երբ այցելեցինք նրան, նա չտրամադրեց վերցված փորձանմուշը` պատճառաբանելով, որ արդեն դատական ակտը կա եւ պարտավորված չէ փորձանմուշները տրամադրել: NEWS.am-ը նաեւ փորձել է կապվել մյուս կողմի հետ, նրանց մեկնաբանությունը լսելու համար, սակայն մեր զանգերը շարունակաբար մնացել են անպատասխան:




























