Վանաձորում առանց այդ էլ քիչ հանգստի գոտիներ կան, եղածներն էլ, մեղմ ասած, չունեն այն բոլոր մինիմալ պայմանները, որոնք կապահովեն վանաձորցու հանգիստը: Քաղաքում գործող այգիների մեծ մասը գտնվում է անմխիթար վիճակում, նրանցից շատերը նույնիսկ չեն ծառայում իրենց նպատակին, իսկ քաղաքապետարանը այս էլ որերորդ տարին աղաղակում է, որ իրենք դատի են տվել վարձակալողին ու հիմա դատական քաշքշուկների մեջ են:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ, այգիներից այս պահին միայն Հրանտ Մաթեւոսյանի անվան այգին է, որ մյուսների հետ համեմատած կարելի է այցելել, այստեղ էլ սակայն խնդիրներ կան, իսկ համար մեկ խնդիրը աղբի մեծ քանակն է, որը աչքի է ընկնում այգու հենց մուտքից: Վանաձորցիները, սակայն, արդարացի դժգոհում են, ասելով, որ փաստորեն քաղաքային իշխանությունները անզոր են հասարակ կազմակերպության դեմ, կամ էլ ցանկություն չունեն, իսկ դրանից միայն հասարակ քաղաքացին է տուժում, ով պարզապես ցանկանում է նորմալ ու բարեկարգ զբոսայգի ունենալ:
Օրերս հրավիրված ասուլիսին քաղաքապետ Սամվել Դարբինյանը լրագրողների խնդրանքով կրկին անդրադարձավ մարզկենտրոնի այգիների խնդրին, այս անգամ էլ քաղաքապետը հիշեցրել էր, որ քաղաքային զբոսայգու վարձակալին մի քանի անգամ զգուշացրել են ու հիմա դատական «պրոցեսների» մեջ են, իսկ մյուսներն ինչպես Դարբինյանն ասաց. «Մի այգու տերն ասում է, որ ինքը սարքում է, բայց ոչ մեկը չի գալիս…նաեւ ասեմ, ժողովուրդն էլ մի տեսակ էդ կատարած աշխատանքը չի ափսոսում եւ ջարդուփշուր արեց ամեն ինչ..»,- ասել էր նա ու հավելել. «Եւ մյուս կողմից էլ մի բան ասեմ, մեր ժողովուրդը մենակ պահանջում է, եթե նույնիսկ արվում է, էնտեղ գնացող չի լինում»: Այս առիթով սակայն վանաձորցիներն էլ իրենց կարծիքն ունեն: Այգի կառուցելը միայն սրճարաններ հիմնելով չէ, ցայտաղբյուրները փակել են, որ սրճարանից ջուր առնենք, թող նորմալ այգի սարքեն, տեսնենք գնացող կլինի, թե՞ ոչ»:



























